ԱՄՆ-ն «Ալ Քաիդայի» ղեկավարի մահվան վիզուալ ապացույցներ ունի. Քիրբի

Ջոն Քիրբի
Սպիտակ տան ներկայացուցիչն անդրադարձել է ահաբեկչին չեզոքացնելու թեմային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–ն Աֆղանստանում «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Այման ազ Զավահիրիի ոչնչացման վիզուալ ապացույցներ ունի: Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության հարցերով համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք նրա ԴՆԹ–ն չունենք, չենք էլ պատրաստվում այն ստանալ։ Անկեղծ ասած, հաշվի առնելով տեղեկության ստացման տարբեր աղբյուրներն ու մեթոդները, որոնք մենք ենք օգտագործում, դրա կարիքը չունենք»,– CNN–ին տված հարցազրույցում ասել է Քիրբին` մեկնաբանելով ազ Զավահիրիի չեզոքացման գործողությունը։
Հարցին` արդյոք ԱՄՆ-ն ահաբեկչի մահվան ապացույցներ ունի, թե ոչ, Սպիտակ տան ներկայացուցիչը դրական պատասխան է տվել:
«Մենք ունենք վիզուալ ապացույց, ինչպես նաև տարբեր աղբյուրների և մեթոդների միջոցով ստացված հաստատում»,- ասել է Քիրբին:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտնել էին ազ Զավահիրիի ոչնչացման մասին։ Համաձայն այդ տվյալների` ամերիկյան հատուկ ծառայություններն անցած հանգստյան օրերին անօդաչու սարքի օգնությամբ հարված են հասցրել ահաբեկչի` Քաբուլում գտնվող տան ուղղությամբ, որտեղ նա թաքնվում էր։
«Ալ Քաիդան» ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է Ռուսաստանում և այլ երկրներում:
ՌԴ ԱԴԾ-ն հերթական ահաբեկչությունն է կանխել. տեսանյութ