ԱՄՆ-ի կողմից բացահայտ սադրանք է. ՌԴ ԱԳՆ-ն` Փելոսիի Թայվան այցի մասին

ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
ՌԴ ԱԳՆ-ից շեշտել են, որ չինական կողմն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել Թայվանի հարցում իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Մոսկվան ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան համարում է բացահայտ սադրանք՝ Չինաստանին համակողմանի զսպելու ԱՄՆ-ի ագրեսիվ գծի ոգով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
ՌԴ արտաքին գործերի գերատեսչությունից նշել են, որ Թայվանական նեղուցի երկու ափերի բնակիչների հարաբերությունները Չինաստանի ներքին գործն են։ Չինական կողմն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել Թայվանի հարցում իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար։
«Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ. մենք ելնում ենք այն փաստից, որ կա միայն մեկ Չինաստան: ՉԺՀ կառավարությունը միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ողջ Չինաստանը, իսկ Թայվանը Չինաստանի անբաժանելի մասն է»,- նշված է հայտարարության մեջ:
Օգոստոսի 2-ին Փելոսին ժամանել է Թայվան՝ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ միասին։ Սա ամերիկացի պաշտոնյայի առաջին այցն է կղզի 1997 թվականից ի վեր։ Այցը կտրուկ բողոք է առաջացրել Պեկինում, ինչին Վաշինգտոնը պատասխանել է իրավիճակի անհիմն էսկալացիայի վերաբերյալ մեղադրանքներով։ Փելոսիի Թայվան ժամանումից հետո Չինաստանի իշխանությունները հայտարարել են այսօր երեկոյան Թայվանի նեղուցում հրթիռային փորձարկումներ և մարտական հրաձգություններ անցկացնելու մասին: Ավելի վաղ էլ ՉԺՀ-ն հայտարարել էր, որ Թայվանի շրջակա ջրատարածքներում օգոստոսի 4-7-ը զորավարժություններ կանցկացվեն: