ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Աֆրիկյան եղջյուր թերակղզում պարենի և առողջապահության ոլորտում ճգնաժամին արձագանքելու համար ԱՀԿ-ն կոչ է անում դոնորներին 123,7 մլն դոլար հատկացնել: Տեղեկությունը հայտնել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի արտակարգ իրավիճակների արձագանքման հարցերով օգնական Իբրահիմ Սոսե Ֆալը:
«Կյանքեր փրկելու մեր անհետաձգելի աշխատանքը կատարելու համար ԱՀԿ-ն այսօր կոչ է անում 123,7 մլն դոլարի ֆինանսավորում հատկացնել։ Այդ գումարը կծածկի ծախսերը մինչև 2022 թվականի դեկտեմբերը»,- ասել է նա Ժնևում ՄԱԿ-ի ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
Ֆալն ավելացրել է, որ հաշվի առնելով կրիտիկական իրավիճակը, ԱՀԿ-ն արդեն 16,5 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել արտակարգ իրավիճակների համար իր պահուստային ֆոնդից, սակայն դա բավարար չէ:
Աֆրիկյան եղջյուր թերակղզում ավելի քան 80 մլն մարդ բախվում է պարենամթերքի աննախադեպ պակասի հետ, իսկ միլիոնավոր մարդիկ սովի սպառնալիքի տակ են: Նա ընդգծել է, որ եթե ոչինչ չարվի այդ տարածաշրջանում թերսնման դեմ պայքարելու համար, միլիոնավոր մարդիկ կմահանան։