1 բրոնզ` «Ասիայի երեխաներ» միջազգային խաղերում. հավակնություններն այսքանով չեն ավարտվում

«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղեր
Օգոստոսի 3-ին կկայանան սամբոյի, իսկ օգոստոսի 6-ին՝ կոխ ըմբշամարտի մրցումները, որոնց հայ մարզիկները ևս մասնակցելու են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Վլադիվոստում անցկացվող «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանը ներկայացնող հրաձիգ Գագիկ Նիկողոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել։
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ–ից, հայ մարզիկն առաջին անգամ էր միջազգային մրցաշարի մասնակցում և երրորդ տեղն է զբաղեցրել 10 մ հրացան մրցաձևում:
Հրաձգության հավաքականի կազմում ընդգրկված մյուս 3 մարզիկները` Արմեն Գևորգյանը, Նարե Մելքումյանը և Էդիտա Մանուչարյանը հանդես են գալու հրացան և ատրճանակ ինչպես նաև միքստ մրցաձևերում:
Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքական թիմը «Ասիայի երեխաներ»–ում ելույթներն ավարտել է` զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականի աղջիկների համար ևս սա առաջին միջազգային փորձն էր:
Միջազգային մարզական խաղերում հանդես են եկել նաև սեղանի թենիսի, թաեքվանդոյի և գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչները, որոնք, սակայն, մրցանակային տեղեր չեն գրավել:
«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որը նշել է, որ Հայաստանի մեդալային հավակնություններն այսքանով չեն ավարտվում. «Բավական ներկայացուցչական թիմ ունենք՝ 22 մարզիկով: Արդեն մեդալ ունենք և էլի ենք մեդալներ ակնկալում: Հուսամ, որ ավարը լավը կլինի, և ապագայում կուրախանանք այս մարզիկների նորանոր հաղթանակներով»,– ասել է Գիլոյանը։
Օգոստոսի 3-ին կկայանան սամբոյի, իսկ օգոստոսի 6-ին՝ կոխ ըմբշամարտի մրցումները, որոնց հայ մարզիկները ևս մասնակցելու են։