Վտանգավոր սննդամթերք է թողարկվել. Սյունիքում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

«Չանախ» պանիր
Խախտման վերացման համար սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամկետ է սահմանել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մանե Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ): Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
«Որոշման հիմքը վտանգավոր սննդամթերքի թողարկումն է: ՍԱՏՄ Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները, վերահասկողական միջոցառումների ընթացքում, լաբորատոր փորձաքննության են հանձնել ընկերության «Չանախ» տեսակի պանրի նմուշը»,– ասված է հաղորդագրությունում:
«Չանախ» պանրի պիտակը
Արդյունքում պարզվել է` այն չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։
Խախտման վերացման համար տեսչական մարմինը սահմանել է ժամկետ: