Ուզբեկստանն ու Ադրբեջանը ցանկանում են համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծել

Ուզբեկստան
Հունիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցի շրջանակում կողմերը ավելի քան 500 մլն դոլարի փաստաթղթեր են ստորագրել նավթագազային, քիմիական և տեքստիլ ոլորտների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ուզբեկստանի և Ադրբեջանի իշխանությունները մտադիր են համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծել ընդհանուր նախագծերի իրականացման համար: Տեղեկությունը հայտնել է Ուզբեկստանի փոխվարչապետ, ներդրումների և արտաքին առևտրի նախարար Ժամշիդ Խոջաևը:
«Համատեղ նախագծերի ֆինանսավորման համար անհրաժեշտ է ուզբեկա-ադրբեջանական ներդրումային հիմնադրամ գործարկել... մենք պայմանավորվել ենք մեկշաբաթյա ժամկետում համատեղ «ճանապարհային քարտեզ» ընդունել, որն ուղղված կլինի հիմնադրամի շուտափույթ ստեղծմանը», - ասել է Խոջաևը միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստում։
Նա հիշեցրել է, որ հունիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Ուզբեկստան կատարած այցի շրջանակում կողմերը ավելի քան 500 մլն դոլարի փաստաթղթեր են ստորագրել նավթագազային, քիմիական և տեքստիլ ոլորտներում, ինչպես նաև ագրարային հատվածում: «Հիմա անհրաժեշտ է ապահովել դրանց ժամանակին և որակյալ իրագործումը», - նշել է Խոջաևը:
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբարովն իր հերթին հայտարարել է, որ երկու երկրների ներդրումային համագործակցությունը պետք է ակտիվանա:
«Այս առումով համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծումն ու գործունեությունը կարող է լավ գործիք լինել, որը կարող է և պետք է օգնի երկու երկրների ներդրողներին», - նշել է նա:
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը փոխգործակցության հեռանկարային ուղղությունների թվում առանձնացրել է էներգետիկ ոլորտը։ Նա հիշեցրել է, որ հուլիսի սկզբին SOCAR-ը և «Ուզբեկնեֆտեգազը» «ճանապարհային քարտեզ» են ստորագրել երկու երկրներում նավթի հանքավայրերի համատեղ մշակման, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի և թվայնացման ոլորտների նախագծերում համագործակցության վերաբերյալ:
Տարօրինակ թվեր. ՀՀ-Իրան առևտուրն աճել է 33%-ով, բայց բեռնափոխադրումների ծավալը չի փոխվել