Շախմատի համաշխարհային օլիմպիադա. տղամարդիկ ոչ-ոքի խաղացին, կանայք հաղթեցին

Շախմատ
Չորս տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ 7, իսկ կանանց թիմը 6 միավոր է վաստակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայի չորրորդ տուրում խաղաց Ավստրիայի թիմի հետ և մրցությունն ավարտեց ոչ-ոքի (2:2) արդյունքով։
Միակ միավորը հայկական թիմին բերեց Հրանտ Մելքումյանը։ Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանն իրենց պարտիաները ոչ- ոքի ավարտեցին, իսկ Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց մրցակցին:
Արման Փաշիկյանի սաները չորս տուրից հետո վաստակել են 7 միավոր։ Երրորդ տուրի որոշ հանդիպումներ դեռ շարունակվում են։
Հայաստանյան 3 շախմատիստ լավագույն 100-յակում է. ՖԻԴԵ–ն հրապարակել է դասակարգման աղյուսակը
Կանանց հավաքականը, որը երրորդ տուրում անսպասելի պարտվել էր էստոնացիներին, չորրորդ տուրում ջախջախեց Իռլանդիայի թիմին՝ 4: 0: Առաջատարի` Էլինա Դանիելյանի բացակայության պայմաններում հաղթեցին Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Նրանք չորս տուրից հետո վաստակել են 6 միավոր։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայում ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, կանանց հավաքականը` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը:
44-րդ շախմատային օլիմպիադան ընթանում է Հնդկաստանի Չեննայ քաղաքում հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը։ Հիշեցնենք, որ շախմատի օլիմպիադայում Հայաստանը հաղթել է երեք անգամ՝ 2006, 2008, 2012 թվականներին: