ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Մոսկվան «սև ցուցակում» է ներառել Մեծ Բրիտանիան ներկայացնող 39 լրագրողների և քաղաքական գործիչների։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
Կայքում հրապարակված ցուցակում ընդգրկվել են նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Հելեն Բաուեր-Իթոնը, մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև մի քանի լրագրող, այդ թվում ՝ «Բի-Բի-Սի» կորպորացիայի լրատվական ծառայության ղեկավար Ջոնաթան Մանրոն:
«Ինչպես արդեն բազմիցս նշվել է, ռուսատյացություն սերմանելու, մեր երկրի մասին ոչ հավաստի տեղեկություններ տարածելու և Կիևի նեոնացիստական ռեժիմին աջակցելու ուղղությամբ Մեծ Բրիտանիայի կործանարար գործողությունները համարժեք և վճռական պատասխան կստանան ռուսական կողմից ։ Առճակատման օգտին ընտրություն անելը բրիտանական քաղաքական վերնախավի գիտակցված որոշումն է, որի վրա էլ ընկած է հետևանքների համար ողջ պատասխանատվությունը»,- ընդգծել են գերատեսչությունում:
Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են նաև, որ հաշվի առնելով մտացածին և անհեթեթ պատրվակներով պատժամիջոցներ սահմանելու Լոնդոնի ապակառուցողական ձգտումը` ռուսական «սև ցուցակն» ընդլայնելու աշխատանքը կշարունակվի:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 159-րդ օրը։