ՌԴ ԿԲ-ն երկարաձգել է արտարժույթի կանխիկացման սահմանափակումների ժամկետը

Ռուսաստանի ԿԲ
Որոշումը պայմանավորված է Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցներով, որոնք ռուսական ֆինանսական հաստատություններին արգելում են արևմտյան երկրների կանխիկ արժույթ ձեռք բերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի կենտրոնական բանկը երկարաձգել է քաղաքացիների կողմից արտարժույթի ձեռքբերման սահմանափակումները մինչև 2023 թվականի մարտի 9-ը։ Ինչպես հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը, արժութային հաշվից կամ ավանդից գումար կանխիկացնելու համար մինչև սույն թվականի սեպտեմբերի 9-ը գործող 10.000 դոլարի կամ դրան համարժեք եվրոյի սահմանաչափը կգործի մինչև հաջորդ տարվա մարտը։
Կենտրոնական բանկը հիշեցրել է, որ հաշվից կարող է հանվել միայն այն արտարժույթը, որը մուտքագրվել է հաշվին կամ ավանդին մինչև 2022 թվականի մարտի 9-ը։ Մնացորդն առաջվա պես կարելի է ստանալ ռուբլով, կանխիկացման պահին գործող շուկայական փոխարժեքով:
Սահմանափակումների երկարաձգման անհրաժեշտությունը ՌԴ ԿԲ-ն մեկնաբանել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներով, որոնք արգելում են ռուսական ֆինանսական հաստատություններին արևմտյան երկրների կանխիկ արժույթ ձեռք բերել։
Նույն որոշման համաձայն` իրավաբանական անձանց դեպքում մինչև 2023 թվականի մարտի 9-ը երկարաձգվում են գործուղման ծախսերի համար արժույթ ստանալու սահմանափակումները` ոչ ավելի, քան 5 000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք եվրո, ֆունտ ստեռլինգ կամ ճապոնական իեն: Այս պահանջներն այլ արժույթների վրա չեն տարածվում։
Հուլիսին ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան զգուշացրել էր սահմանափակումների երկարաձգման մասին` նշելով, որ բանկերը դեռ պետք է կարողանան կատարել իրենց պարտավորությունները այն քաղաքացիների նկատմամբ, որոնք նախկինում բացել են արտարժութային հաշիվներ, և միջոցներ տրամադրեն նրանց 10 000 դոլարի սահմանում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 159-րդ օրը։