ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Օդեսայի նավահանգստից հացահատիկով բեռնված առաջին առևտրային նավի դուրս գալը:
Ավելի վաղ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունում հայտնել են, որ 26 հազար տոննա եգիպտացորեն տեղափոխող առաջին նավը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից և ուղևորվում է Լիբանան:
«Առաջին մեկնումը դարձել է ՄԱԿ-ի հովանու ներքո Ստամբուլում ստեղծված Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ներկայացուցիչներից բաղկացած Համատեղ համակարգող կենտրոնի կոլեկտիվ ձեռքբերումը․.. Գլխավոր քարտուղարը ողջունում է նրանց ջանքերը և շնորհակալ է Թուրքիային դա առաջնորդելու համար»,- նշված է հայտարարության մեջ։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հուսով է, որ առաջին նավը կդառնա հացահատիկի բազմաթիվ փոխադրողներից մեկը՝ ստորագրված նախաձեռնությանը համապատասխան, որը, նրա կարծիքով, անհրաժեշտ կայունություն ու ամրապնդում կբերի պարենային անվտանգությանը:
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին:
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգստից, ներառյալ Օդեսան: