Հայ խաղաղապահները շարունակում են Կոսովոյում իրենց առաքելությունն իրականացնել

Հայ խաղաղապահները Կոսովոյում. Արխիվային լուսանկար
Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակը սրվել է, երբ տեղական իշխանությունները որոշել են սերբական պետհամարանիշերով մեքենաներին թույլ չտալ իրենց երկիր մուտք գործել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայկական խաղաղապահ զորախումբը շարունակում է Կոսովոյում իր առաքելությունն իրականացնել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը` մեկնաբանելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

«Կոսովոյում գտնվող հայկական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել համաձայն իր առջև դրված պլանի»,- նշեց Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության իշխանությունն ԱՄՆ-ի կոչից հետո մեկ ամսով հետաձգել է սերբական համարանիշերով ու փաստաթղթերով մեքենաների ու մարդկանց մուտքի արգելքը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հուլիսի 31-ին քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է, որ օգոստոսի 1-ի կեսգիշերին ինքնահռչակ Կոսովոյի ոստիկանությունը գործողություն է սկսելու տարածաշրջանի հյուսիսում և արգելափակելու է այն քաղաքացիների մուտքը, որոնց անձնական փաստաթղթերը տրված են Սերբիայի կողմից։