ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է նոր միջուկային փորձարկման, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մինչ մենք այստեղ հանդիպում ենք ձեզ հետ, Փհենյանը պատրաստվում է իրականացնել իր յոթերորդ միջուկային փորձարկումը»,- ասել է Բլինկենը ՄԱԿ-ում Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) վերանայման համաժողովում։
Հունիսի վերջին Հարավային Կորեայի միացյալ շտաբի ղեկավարությունը հայտնել էր, որ ԿԺԴՀ-ն գրեթե ավարտել է միջուկային փորձարկման ենթակառուցվածքի նախապատրաստումը, սակայն փորձարկման իրականացման մոտավոր ժամկետ չէր նշել։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեական պատերազմում զինադադարի տարեդարձի տոնակատարության ժամանակ ունեցած ելույթում ասել է, որ ԿԺԴՀ-ն ցանկացած պահի լիովին պատրաստ է արագ և ճշգրիտ մոբիլիզացնելու իր «միջուկային զսպման ուժերը», և եթե Սեուլը որոշի ԿԺԴՀ-ին «կանխարգելիչ հարված» հասցնել, այդ երկրի և՛ կառավարությունը, և՛ բանակը կոչնչացվեն։