Ավետիք Չալաբյանը դատարանից ժամանակ խնդրեց սրտի հետազոտության համար

Ավետիք Չալաբյանը (աջից) և նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը դատական նիստի ժամանակ. Արխիվային լուսանկար
Դատավոր Մնացական Մարտիրոսյանն առաջարկել էր դատական հաջորդ նիստը գումարել օգոստոսի 2-ին, բայց Չալաբյանի խնդրանքից հետո փոխեց նիստի օրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն այսօր դատական նիստի ավարտին դատարանից մեկ օր ժամանակ խնդրեց սիրտանոթային հետազոտություն անցնելու համար։

«Ես խնդրում եմ հաջորդ նիստը գոնե մեկ օրվա տարբերությամբ անել։ Այս ամենը իսկապես մեծ սթրես է ու ֆիզիկական ծանրաբեռնվածություն, դրա համար ինձ պետք է գոնե մեկ օր` սիրտանոթային հետազոտություն անցնելու համար։ Խնդրում եմ ինձ մեկ օր ժամանակ տվեք, որ կարողանամ գնալ բժշկական կենտրոն` անհրաժեշտ հետազոտություններն անցնեմ»,- ասաց Չալաբյանը։

Մինչ այդ, դատավոր Մնացական Մարտիրոսյանն առաջարկել էր դատական հաջորդ նիստը գումարել վաղը` օգոստոսի 2-ի առավոտյան, բայց Չալաբյանի խնդրանքից հետո հայտարարեց, որ հաջորդ նիստը կգումարվի օգոստոսի 3-ին, ժամը 10։00-ին։
«Վաղը գնացեք, բժշկական հետազոտություն անցեք»,- ասաց Մարտիրոսյանը։
Նշենք, որ այսօր կայացած դատական նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել էր Չալաբյանի պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։
Ավետիք Չալաբյանի պաշտպանները դատավորին բացարկի միջնորդություն ներկայացրին
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Պետք է միասնաբար պայքարել օրենքի գերակայության հաստատման համար. Չալաբյանի ուղերձը ՔԿՀ-ից
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։
Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից։