ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ-ի հետ քննարկել սպառազինությունների վերահսկման նոր համակարգը. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը
ԱՄՆ նախագահը նշել է, որ նույնիսկ Սառը պատերազմի գագաթնակետին ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը կարողացել են համատեղ աշխատել՝ ռազմավարական կայունություն ապահովելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ անհապաղ քննարկել սպառազինությունների վերահսկման նոր համակարգը, որը կփոխարինի ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին (СНВ-3), որի ժամկետը լրանում է 2026 թվականին։
Բայդենը նշել է, որ նույնիսկ Սառը պատերազմի գագաթնակետին ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը կարողացել են միասին աշխատել՝ ռազմավարական կայունություն ապահովելու համար։
«Այսօր իմ վարչակազմը պատրաստ է արագորեն բանակցել սպառազինությունների վերահսկման նոր համակարգի շուրջ, որը կփոխարինի սպառազինությունների կրճատման պայմանագրին, որի ժամկետը լրանում է 2026 թվականին»,- Բայդենի խոսքերն է մեջբերում Սպիտակ տան կայքը։
Նա ասել է, որ ակնկալում է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի վերսկսել աշխատանքը: «Ռուսաստանը պետք է ցույց տա, որ պատրաստ է վերսկսել աշխատանքը Միացյալ Նահանգների հետ միջուկային սպառազինությունների վերահսկման ուղղությամբ», - ասել է Բայդենը Միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերանայման համաժողովին ընդառաջ արված հայտարարության մեջ։
Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերանայման համաժողովը տեղի կունենա Նյու Յորքում 2022 թվականի օգոստոսի 1-26-ը։ NPT-ի վերանայման համաժողովը միջուկային զենքի չտարածման և զինաթափման ոլորտում հիմնական իրադարձությունն է և տեղի է ունենում հինգ տարին մեկ։
Սպառազինությունների կրճատման պայմանագիրն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային սպառազինությունների վերահսկման միակ ռեժիմն է, որը Բայդենի վարչակազմը երկարացրել է հինգ տարով՝ մինչև 2026 թվականը: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արդեն սկսել էին միջուկային զենքի սահմանափակման վերաբերյալ ապագա պայմանագրի չափորոշիչների հստակեցումը, սակայն երկխոսությունն ընդհատվեց Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո։
Ինչպես հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտում, Վաշինգտոնը պատրաստ է դիտարկել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական երկխոսության նոր փուլի հնարավորությունը, սակայն բարեխիղճ մոտեցման ապացույցներ է ակնկալում։
ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ն որդեգրել է «զսպումից մինչև ոչնչացում» հայեցակարգը. Զախարովա