ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ամերիկացիների մոտ 90 տոկոսը խոստովանել է, որ բարձր գնաճի պատճառով սկսել է գումար տնտեսել։ Այդ մասին են վկայում ամերիկյան «The Balance»-ի` 1 200 անձանց շրջանում անցկացրած հարցման արդյունքները։
Մարդիկ գումար խնայելու զանազան տարբերակներ են ընտրել. մասնակիցների 44 տոկոսը նշել է, որ սկսել է ավելի հազվադեպ գնալ ժամադրության, 40 տոկոսը ժամադրությունների համար անվճար տարբերակներ է առաջարկում (զբոսանքներ կամ հանդիպումներ տանը), 39 տոկոսն ավելի էժան ռեստորաններ և սրճարաններ է ընտրում, 34 տոկոսը նախընտրում է վիրտուալ զրույցները (հարցվածները մեկից ավելի պատասխան ընտրելու հնարավորություն են ունեցել)։
Դեռևս 2021 թվականի դեկտեմբերին «The Balance»-ը հարցում էր անցկացրել երիտասարդների շրջանում և պարզել, որ նրանք առաջին հանդիպմանը միջինը 70 դոլար են ծախսում։ Ընդ որում` 22 տոկոսը խոստովանել էր, որ եթե ռեստորանում վճարի զուգընկերը/զուգընկերուհին, ապա ավելի մեծ է հավանականությունը, որ երկրորդ անգամ էլ ժամադրության կգնա։
Հարցմանը մասնակցած ամերիկացիների 92 տոկոսը սկսել է ավելի շատ խնայել, ընդ որում ամենից շատ` բենզինի, ուտելիքի, ինչպես նաև ռեստորանների և սրճարանների վրա։
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին գնաճը ԱՄՆ-ում հասել է վերջին 40 տարվա ընթացքում ամենաբարձր նիշին։