36 արձանագրություն` մեկ շաբաթում. Երևանը շարունակում է պայքարել փողոցային առևտրի դեմ

Փողոցային առևտուր . Արխիվային լուսանկար
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն իրավապահների հետ համատեղ ուժեղացված ստուգումներ են անցկացնում Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի շրջանակում։
Sputnik
Երևանի փողոցներում ապօրինի առևտրի դեմ պայքարի շրջանակներում 36 արձանագրություն է կազմվել։ Այս մասին նշվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավորական խորհրդակցության ժամանակ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ևս 55 արձանագրություն քննարկման փուլում է։ «Թեժ գծին» ստացվել է փողոցային առևտրի դեպքերի մասին 6 հաղորդում, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։
Խոսելով փողոցային առևտրի մասին՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնել է, որ անգամ Հյուսիսային պողոտայում շան ձագեր են վաճառում։ Զեկուցվել է, որ վաճառականների դեմ արդեն արձանագրություններ են կազմվել։
Հիշեցնենք, որ փողոցային առևտրի դեմ պայքարելու համար քաղաքային իշխանությունները մի շարք օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել։ Մասնավորապես առաջարկվում է փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։
Բացօթյա տարածքում կարելի է վաճառել միայն ծաղիկներ, ըմպելիքներ և պաղպաղակ։ Ապօրինի առևտուրը պատժվում է տուգանքով՝ 70-90 հազար դրամի չափով, կրկնվելու դեպքում տուգանքնաճում է մինչև 200 հազար դրամ:
Նշենք, որ քաղաքային շուկաներում տարածքի վարձակալության արժեքը սկսվում է 1քմ-ի համար 300-500 դրամից։