Թալանել են Քիմ Քարդաշյանի դիմահարդար Հրուշ Աճեմյանի տունը

Հրուշ Աճեմյանը. Արխիվային լուսանկար
Հոլիվուդյան հայտնի աստղը կարծում է, որ գողերը 2 ժամից ավելի են անցկացրել իր տանը՝ այդ ընթացքում հրահանգներ ստանալով դրսում գտնվող մեկից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հոլիվուդյան հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանի տունը թալանել են։ Այդ մասին նա հայտնել է «Ինստագրամի» իր էջում և հրապարակել գողության մասին ամերիկյան հեռուստաալիքներից մեկի պատրաստած տեսանյութը։
Գողությունը տեղի է ունեցել օրը ցերեկով։ Հրուշը վերադարձել է Բևեռլի Հիլզ թաղամասում գտնվող իր տուն և նկատել, որ առաջին հարկում ամեն ինչ տակնուվրա է արած։ Նա աղմուկ է լսել երկրորդ հարկից և հասկացել, որ գողերը դեռ տանն են։ Շտապել է հարևանուհու տուն ու ոստիկանություն զանգահարել։ Մինչ իրավապահները տեղ են հասել, հանցագործներն արդեն հասցրել են փախուստի դիմել՝ իրենց հետ տանելով գողոնը։ Հրուշի տանը տեղադրված տեսախցիկներն արձանագրել են գողությունը․կադրերում երևում են դիմակավորված երկու անձինք։
«Կյանքում երբեք չէի մտածի, որ ինձանից խլելու են իմ թանկարժեք ունեցվածքը, սթափ հոգեվիճակն ու անվտանգությունը․ այս ամենը խլել են ինձանից։ Գողերը տարել են տատիկիս ժամացույցն ու մատանին․սա այն է, ինչի մասին այս պահին կարող եմ մտածել»,- գրել է Հրուշը։
Նա դիմել է հանրությանը՝ խնդրելով օգնել գտնել այն անձանց, որոնք ներգրավված են այս կողոպուտի մեջ, և օրենքով պատասխանատվության ենթարկել նրանց։
Հրուշը կարծում է, որ գողերն ավելի քան 2 ժամ են անցկացրել իր տանը։ Նրա տան տեսախցիկներն արձանագրել են նաև բժշկական դիմակով մի շիկահեր կնոջ, որը կողոպուտից առաջ թակում է դուռը, համոզվելով, որ տանը մարդ չկա՝ հեռանում է։ Դրանից հետո գործի են անցնում գողերը։ Հրուշը կասկածում է, որ շիկահեր կինը ևս կարող է հանցակից լինել։ Նրա կարծիքով՝ ամբողջ գողության ընթացքում հանցագործները կապ են պահել երրորդ մեկի հետ։
Գողության փաստով զբաղվում են Լոս Անջելեսի ոստիկանները։