Շախմատային օլիմպիադա. Հայաստանը դժվարությամբ է հաղթել Եգիպտոսին

Կանանց հավաքականը պարտվել է էստոնականին, իսկ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանն առաջին հաղթանակն է տոնել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը դժվար հաղթանակ է տարել Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի երրորդ տուրում:
Հայ շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտության է մատնել Աբդելռահման Խեշամին: Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները: Արդյունքում մեր հավաքականը հաղթանակ է տոնել նվազագույն հաշվով՝ 2,5 ։ 1,5։
Արման Փաշիկյանի սաները երեք տուրից հետո վաստակել են 6 միավոր։ Երրորդ տուրի մի քանի հանդիպումներ դեռ շարունակվում են։
Հայաստանի կանանց հավաքականն անսպասելիորեն պարտվել է Էստոնիայի թիմին՝ 1,5: 2,5 հաշվով: Որոշիչ էր առաջին խաղատախտակի պարտիան, որում մեր թիմի առաջատար Էլինա Դանիելյանը պարտվեց էստոնացի մրցակցին: Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը ոչ- ոքի խաղացին: Մեր հավաքականն ունի վաստակած չորս թիմային միավոր։
Շախմատի համաշխարհային օլիմպիադա. հայկական թիմերը կրկին հաղթում են
Նշենք, որ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակն է տարել օլիմպիադայում: Վրաստան-ԱՄՆ խաղում սպիտակ խաղաքարերով հայ շախմատիստը հաղթել է Միխեիլ Մչեդլիշվիլիին: ԱՄՆ-ի հավաքականը հաղթել է 3:1 հաշվով:
Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը: Կանանց հավաքականում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:
44-րդ շախմատային օլիմպիադան անցկացվում է Հնդկաստանի Չեննայ քաղաքում հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը ։
Հիշեցնենք, որ շախմատի օլիմպիադայում Հայաստանը հաղթել է երեք անգամ ՝ 2006, 2008, 2012 թվականներին: