Սևծովյան նավատորմի շտաբի տարածքում պայթուցիկ սարք է գործարկվել

Նավատորմ. Արխիվային լուսանկար
Ապակիների բեկորներից վիրավորվել է 5 մարդ․ բոլոր տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Սևծովյան նավատորմի շտաբի տարածքում փոքր հզորության պայթուցիկ սարք է գործարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սևծովյան նավատորմի մամուլի ծառայությանը։

Ավելի վաղ Սևաստոպոլի նահանգապետը հայտնել էր, որ, ըստ նախնական տվյալների, Սևծովյան նավատորմի շտաբի բակի հատվածում հարված է հասցրել ուկրաինական անօդաչու թռչող սարքը։ Վիրավորվել է հինգ մարդ, զոհեր չկան:

«Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի շտաբի տարածքում ինքնաշեն ԱԹՍ-ի վրա տեղադրված փոքր հզորության պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով կոտրվել են շենքերից մեկի պատուհանների ապակիները, որոնց բեկորներից տուժել է 5 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բոլոր տուժածներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 158-րդ օրը։