ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Մոսկվան կոչ է անում Պրիշտինային և նրա թիկունքին կանգնած ԱՄՆ-ին և ԵՄ-ին դադարեցնել սադրանքները և հարգել սերբերի իրավունքները Կոսովոյում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված պաշտոնական մեկնաբանությունում։
«Իրադարձությունների նման զարգացումը Եվրոմիության միջնորդական առաքելության ձախողման ևս մեկ վկայություն է»,- ասել է նա։
Ինչպես նշել է Զախարովան, սա նաև վկայությունն է այն բանի, որ Եվրամիությունում Բելգրադին դե ֆակտո առաջարկում են համակերպվել իր հայրենակիցների իրավունքների բացակայության հետ։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է, որ օգոստոսի 1-ի կեսգիշերին ինքնահռչակ Կոսովոյի ոստիկանությունը գործողություն կսկսի տարածաշրջանի հյուսիսում և կարգելափակի այն քաղաքացիների մուտքը, որոնց անձնական փաստաթղթերը տրված են Սերբիայի կողմից։
Վուչիչը հորդորել է Կոսովոյի իշխանություններին պահպանել խաղաղությունը և զգուշացրել, որ Կոսովոյում սերբերի դեմ ագրեսիվ գործողությունների դեպքում «Սերբիան կհաղթի»։
Ավելի վաղ Սերբիայի պաշտպանության նախարարությունը հերքել էր Կոսովոյի և Մետոհիայի տարածք ռազմական ուժերի տեղակայման մասին լուրերը և կոչ էր արել ապատեղեկատվություն չտարածել։