ՀՅԴ անդամ հոլանդահայ աղջկան թույլ չեն տվել ՀՀ մտնել. անցանկալի անձանց ցանկն ընդլայնվում է

«Զվարթնոց» օդանավակայան. Արխիվային լուսանկար
Աղջկան մոտ 12 ժամ առանց բացատրության պահել են օդանավակայանում, ապա հայտնել, որ պետք է հետ վերադառնա Նիդեռլանդներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Այս գիշեր Հայաստան ժամանած ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանին թույլ չտվել մուտք գործել երկիր։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակը։
«Վերջինիս հետ ուղարկելու որոշումը կայացվել է առանց որևէ հիմնավոր բացատրություն կամ պատճառաբանություն ներկայացնելու»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հայաստանի իշխանությունը «թիրախավորել է նվիրյալ և ազգասեր սփյուռքահայ երիտասարդությանը»։
«Նրանց մուտքը հայրենիք արգելվում է և զուգահեռ իրականության մեջ թույլատրվում է թուրք ազգայնականների մուտքը Հայաստանի Հանրապետություն, ինչին ականատես եղանք վերջին շաբաթների ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՀՅԴ-ն դիմում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ կոչ անելով իրականացնել սահմանված գործառույթները, «չտրվել ապօրինի քաղաքական հրահանգներին և գործել կանոնակարգին, առաքելությանը համապատասխան՝ պաշտպանելով Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային անվտանգությունը»։
Հավելենք, որ Սյունե Աբրահամյանը կատարվածի մասին գրառում է արել և տեսանյութ տեղադրել ֆեյսբուքյան իր էջում։
«Ինձ 12 ժամ առանց որևէ բացատրության պահելուց հետո, տեղեկացրեցին, որ հայրենիք մուտք չեմ կարող գործել` անցանկալի անձ եմ և պետք է վերադառնամ Նիդեռլանդներ»,- գրել է Սյունեն։
Նա նաև հայտնել է իր՝ Հայաստան գալու նպատակը։ Երկուշաբթի օրվանից Սյունիքում մեկնարկում է ՀՅԴ Երիտասարդական միության կազմակերպած կամավորական ճամբարը, որին նաև ինքը պետք է մասնակցեր։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ արգելվել էր ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ Նա հայտարարություն է տարածել, որում նշել է, որ պատրաստվում է պայքարել Հայաստան վերադառնալու համար։
Փափազյանին վարչապետի գրասենյակից բացատրել էին, որ իր մուտքի արգելքի պատճառը 2021-ի հունիսի 1-ին Փարիզում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցությունն է և տվյալ ցույցը կազմակերպելը: