ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Նիդեռլանդների բնակիչները վառելափայտի պաշար են հավաքում` ձմռանը տները տաքացնելու համար: Ինչպես գրում է Volkskrant թերթը, պատճառը գազի թանկացումն է:
Նշվում է, որ Նիդեռլանդներում վառելափայտը դառնում է դեֆիցիտ ապրանք, դրա գինն աճում է, քանի որ մարդիկ սկսել են զանգվածաբար գնել:
Վառելափայտի մատակարարներից մեկը՝ Դևիդ Վունդերինկը, մտավախություն ունի, որ ամռան կեսին իր վառելափայտը կարող է սպառվել գազի աճող գների առաջացրած իրարանցման պատճառով: Նրա խոսքով՝ սովորաբար իր հաճախորդները վառելափայտ են պատվիրում միայն սեպտեմբերին։
Staatsbosbeheer անտառային տնտեսության պետական կազմակերպության վաճառքի նոր քաղաքականության և Ուկրաինայի իրավիճակի պատճառով մատակարարման խնդիրները նույնպես դժվարացել են: Staatsbosbeheer-ն այլևս չի մատակարարում հոլանդական ծառերը որպես վառելափայտ, քանի որ գերանների այրման ժամանակ ածխաթթու գազ է արտանետվում:
Մինչդեռ Արևելյան Եվրոպայի երկրներից վառելափայտի մատակարարումներն այս տարի նույնպես կրճատվել են ուկրաինական հակամարտության և առևտրային արգելքների պատճառով:
Այս ամենն ազդում է վառելափայտի արժեքի վրա: Այժմ այն 50 եվրոյով ավելի թանկ է, քան նախորդ տարի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիդեռլանդները եվրոպական երկրների շարքում երկրորդ տեղում է հայտնվել Շվեդիայից հետո գազի բարձր արժեքով: Թագավորության բնակիչները մեկ կիլովատ-ժամի համար 0,2 եվրո կամ մեկ խորանարդ մետր գազի համար 2,25 եվրո են վճարում: