Ուիլ Սմիթը ներողություն է խնդրել «Օսկարի» ժամանակ հաղորդավարին հարվածելու համար. տեսանյութ

Քրիս Ռոքը, որին հայտնի դերասանը ապտակել է արարողության ժամանակ, մինչ օրս նեղացած էր նրանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ամերիկացի հայտնի դերասան Ուիլ Սմիթը ներողություն է խնդրել իր գործընկերներից, Ամերիկյան կինոակադեմիայից ու Քրիս Ռոքից այն բանի համար, որ ապտակել է նրան «Օսկարի» մրցանակաբաշխության երեկոյին։
Հինգ րոպեանոց տեսահոլովակը, որը հրապարակվել է YouTube-ի պաշտոնական ալիքում, չորս ամսվա ընթացքում նրա առաջին ծավալուն հրապարակային հայտարարությունն է «Օսկար-2022»-ի հետ կապված սկանդալի թեմայով:
Մինչ այդ նա արտահայտվել էր միայն իր շնորհակալական խոսքում, նաև Ամերիկյան կինոակադեմիայի որոշմանն էր արձագանքել (նրան արգելել են 10 տարվա ընթացքում մասնակցել կինոակադեմիայի միջոցառումներին):
«It' s been a minute...» («Շատ ջրեր են հոսել...») վերնագրով տեսանյութում դերասանը ներողություն է խնդրում Քրիս Ռոքից, նրա ընտանիքից, մտերիմներից, կինոարտադրության գործընկերներից ու երկրպագուներից:
«Ես ուզում եմ Քրիսին ասել` ներողություն եմ խնդրում քեզնից։ Իմ վարքն անընդունելի էր, և ես պատրաստ կլինեմ խոսել, հենց որ դու ցանկանաս... Գիտեք, ես այն ժամանակ նույնիսկ չհասկացա, չմտածեցի, թե այդ պահին քանի մարդու վնաս հասցրի։ Այնպես որ, ուզում եմ ներողություն խնդրել Քրիսի մորից։ Ներողություն խնդրել նրա ընտանիքից», - ասել է Սմիթը:
Նա հավաստիացրել է, որ ինքն է որոշել բեմ դուրս գալ, իսկ իր կինը՝ Ջադան, որի վերաբերյալ կատակել է Ռոքը, իրեն այդ պահին ոչինչ չի ասել և չի դրդել «պատասխանը տալ»։
«Շատ եմ ամաչում». Ուիլ Սմիթը հրապարակավ ներողություն է խնդրել Քրիս Ռոքից
Դերասանը խոստովանել է, որ իրեն մեղավոր է զգում երկրպագուների առջև, որոնք նրան օրինակելի մարդ էին համարում: Նա հայտարարել է, որ աշխատում է իր վրա և «ուզում է միայն սեր ու բարություն բերել այս աշխարհ»:
Վերջում Սմիթը նշել է, որ չի կարծում, թե ինքը ճիշտ է վարվել։