Ծնողների գլխացավանքը, կամ ինչքան պետք է մանկապարտեզի հերթ կանգնել Երևանում

Երևանյան մանկապարտեզ. Արխիվային լուսանկար
Երեխային պետական մանկապարտեզ տալու համար մայրաքաղաքի բնակիչները սովորաբար տարիներ շարունակ իրենց հերթին են սպասում։ Պատահում է, որ հերթը այդպես էլ չի հասնում։ Արդյո՞ք երկրի իշխանությունները փորձում են փոխել իրավիճակը։
Sputnik
Երևանի գերբնակեցությունը ոչ միայն տրանսպորտային կոլապս է առաջացնում։ Արդեն քանի տարի է՝ մայրաքաղաքում չափազանց արդիական է մանկապարտեզների պակասի խնդիրը։ Տարբեր նախադպրոցական քոլեջներ ու մասնավոր զարգացման կենտրոններ, իհարկե, քիչ չեն, բայց այդ բոլոր հաստատությունները վճարովի են ու բոլորին չէ, որ հասանելի են։ Երեխային պետական մանկապարտեզ տալու համար պետք է տարիներով հերթ կանգնել։

Ինչպես է ամեն ինչ տեղի է ունենում

Նախկինում ընդունված էր երեխայի ծնվելուց անմիջապես հետո «հերթ կանգնել», բայց մի քանի տարի առաջ կառավարությունն օրենք ընդունեց, ըստ որի՝ երեխային կարելի է միայն երկու տարեկանից գրանցել։
Գրանցման ընթացակարգը պարզեցված է. փաստաթղթերը կարելի է անձամբ տանել այս կամ այն հաստատություն կամ գրանցվել առցանց՝ 2019 թվականին քաղաքապետարանը նոր տարբերակ է գործարկել mankapartez.yerevan.am կայքում։

Իսկ հետո՞

«Երեխաս մոտ երկուսուկես տարեկան էր, երբ ես գրանցեցի նրան mankapartez.yerevan.am. կայքում։ Մեր ընտրած մանկապարտեզն այն ժամանակ վերանորոգման մեջ էր։ Ասացին, որ մեկ-մեկուկես ամսից կսկսի աշխատել։ Իրականում այն բացվել է գրեթե չորս ամիս անց։ Այն ժամանակ իմ փոքրիկը հերթացուցակում 39-րդ տեղից հասել էր 7-րդ տեղին»,- ասում է Նոր Նորք թաղամասի բնակչուհի Ռուզաննան։
Նրա խոսքով՝ գրեթե կես տարի երեխան այդպես էլ հերթի մեջ յոթերորդն էր։ Երբ կինը գնացել է մանկապարտեզ՝ պարզելու պատճառը, դաստիարակչուհին հայտնել է, որ հերթը նրանց կարող է այդպես էլ չհասնել։

«Ասում է, որ խումբն արդեն համալրված է։ Այսինքն՝ շանսեր, իհարկե, կան. եթե ինչ-որ մեկը դուրս գա խմբից, ասենք՝ տեղափոխման հետ կապված։ Բայց այդ դեպքում էլ շանսերը չափազանց փոքր են, քանի որ կան երեխաներ, որոնց արտահերթ են ընդունում»,- ասում է Ռուզաննան։

Վարդուհի անունով Նոր Նորքի ևս մեկ բնակչուհի ավելացնում է, որ իսկապես շատ դժվար է պետական մանկապարտեզ ընդունվել։ Այժմ նրա երեխան չորս ու կես տարկան է, ու նրանք դեռ սպասում են իրենց հերթին։ Վարդուհին, ճիշտ է, խոստովանում է, որ ընդունելության հետ կապված իրավիճակը բարդացրել են համավարակի տարիներին։
«Տնից եմ աշխատում։ Երեխայի խնամքը ու աշխատանքը ահավոր դժվար է համատեղել: Մեր տանը մոտ մասնավոր մանկապարտեզ կա, մարդիկ շատ են գովում։ Բայց ամսական 85 հազար դրամ վճար մեզ չենք կարող թույլ տալ»,- ասում է նա։

Լավ է ուշ, քան երբեք

Դավիթաշենի մանկապարտեզներից մեկի տնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած հաստատությունում հերթը վաղ թե ուշ, բայց անպայման բոլորի համար հասնում է։
«Չեմ կարող ասել, թե ինչպես է այլ հաստատություններում, բայց մեզ մոտ ոչ մի երեխա դուրս չի մնում։ Ուրիշ բան է, որ երբեմն ընդունվելու ժամանակ երեխան արդեն հինգ տարեկան է։ Կան ծնողներ, որոնք սպասում են իրենց հերթին, մյուսները երեխաներին վճարովի կենտրոններ են տանում։ Հաճախ նրանցից ոմանք տեղափոխում են երեխային մեզ մոտ, երբ տեղեկացնում ենք, որ հերթը եկել է»,- ասում է նա։
Տնօրենը նշում է, որ խիստ անհրաժեշտության դեպքում հաստատությունում նոր խմբեր են ստեղծվում, քանի որ մանկապարտեզի պայմանները թույլ են տալիս դա անել։

Ի՞նչ է ասում քաղաքապետարանը

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Գաբրիելյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին համակարգում շուրջ 16 հազար երեխա է գրանցված: Նրանց մեծ մասը (մոտավորապես 7500) 2019 թվականին ծնվածներն են։

«Նման հերթը պայմանավորված է այն հանգամանքով, որ 25 մանկապարտեզ այժմ վերանորոգման փուլում է։ Բայց շատ շուտով ութ հազար երեխա կավարտի մանկապարտեզը։ Այսպիսով, սեպտեմբերին 8 հազարը երաշխավորված կկարողանան մանկապարտեզ գնալ։ Եվս երկու հազար երեխա կընդունվեն այն մանկապարտեզներում, որոնք վերանորոգումից հետո կբացվեն»,- ասում է նա։

Ինչ-որ կերպ իրավիճակը փոխելու և հերթը կրճատելու համար քաղաքապետարանում ծրագիր է մշակվել, որով նախատեսվում է լրացուցիչ խմբեր բացել այն հաստատություններում, որտեղ դա հնարավոր է։
Գաբրիելյանը նշում է, որ նախադպրոցական կրթության մասին օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր հաստատությունում առաջնահերթությունը տրվում է տարիքով ավելի մեծ երեխաներին, որ յուրաքանչյուր երեխայի հնարավորություն ընձեռվի մինչև դպրոց ընդունվելը գոնե մեկ տարի մանկապարտեզ հաճախել:

Խնդրի արմատները

Ավելի վաղ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանը պարզաբանել էր, որ Երևանում պետական նախադպրոցական հաստատությունների անբավարարության հիմնական պատճառը քաղաքի քաոսային կառուցապատումն է:
Արցախի Վաղուհաս գյուղում նոր մանկապարտեզ է բացվել. շենքը նախատեսված է 60 երեխայի համար
«Խորհրդային տարիներին նորմատիվներ կային. յուրաքանչյուր հազար բնակչի համար անհրաժեշտ էր 90 մանկապարտեզային տեղ ունենալ։ Այդ հաստատությունների մեծ մասը Վերակառուցումից հետո (1986 թ.-խմբ.) սեփականաշնորհվել է։ Դրանք դարձել են կա՛մ բնակելի տներ, կա՛մ խանութներ, կա՛մ ռեստորաններ և այլն... Եթե մայրաքաղաքի բնակչությունն այժմ միլիոն մարդ է, հետևաբար քաղաքում պետք է շուրջ 90 հազար մանկապարտեզային տեղ լինի, սակայն քաղաքապետարանի ռեեստրում միայն 25 հազար է»,- նշել է մասնագետը։
Նախադպրոցական հաստատության կառուցումը չի մտնում մասնավոր անձի շահերի մեջ։ Նա շահույթ է ստանում բնակելի շենքերում բնակարանների վաճառքից։ Այնուամենայնիվ, նման խախտումները հանգեցնում են սոցիալական ճգնաժամերի, ինչը պետք է հաշվի առնել քաղաքի կառուցապատման ժամանակ։