ՌԱԴԻՈ

ՀՀ–ն փորձում է տեղ թողնել, որ ԼՂ հարցը հետագայում քննարկվի. քաղաքագետը` ԱԽՔ–ի ասածի մասին

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները կապված խաղաղության պայմանագրի հետ։
Sputnik
Հայաստանը փորձում է իրականացնել զուգահեռ քաղաքականություն․ մի կողմից փորձում է հայ-ադրբեջանական, այսպես ասած, խաղաղ գործընթացը չկանգնեցնել, մյուս կողմից՝ հետաձգել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Sputnik Արմենիայի եթերում քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այսպես մեկնաբանեց ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հարցազրույցում տեղ գտած հայտարարությունները։
Գրիգորյանն «Արմենպրեսի» հետ զրույցում չէր բացառել, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի առանց ԼՂ հարցի վերջնական լուծման: Ինչ վերաբերում է արցախցիների անվտանգության երաշխիքներին, ապա Գրիգորյանը նշել էր, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունն է այդ երաշխիքը, սակայն, ըստ նրա, ԼՂ հիմնախնդրի դեմիլիտարիզացիան կարևոր գաղափար է:
«Հայաստանը փորձում է տեղ թողնել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը հետագայում քննարկվի, բայց այս պահի դրությամբ այն, ըստ էության, օրակարգային խնդիր չդառնա, որ չխոչընդոտի հայ-ադրբեջանական գործընթացին»,- կարծում է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ Հայաստանի այս դիրքորոշումը կարող է պայմանավորված լինել նրանով, որ այդպիսի պահանջ կա նաև Ռուսաստանում, Արևմուտքում, Ադրբեջանն էլ իր բանակով ու ուժով է պարտադրում գնալ դրան։
Արցախցիների անվտանգության երաշխիքների մասին Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ Բոզոյանը նշեց, որ Հայաստանի ներկայիս կառավարությունն իրականում առաջնորդվում է միայն այսօրվա իրադարձային քաղաքականությամբ ու չունի սցենար այն մասին, թե ինչ կլինի, եթե 3-4 տարի անց ռուս խաղաղապահ զորակազմը ստիպված լինի դուրս գալ Արցախից։
«Լեռնային Ղարաբաղի անվտանգության խնդիրն օդի մեջ կախված է։ Մինչ պատերազմը ԼՂ անվտանգության երաշխավորը Հայաստանն էր, պատերազմում պարտությունից հետո այդ խնդիրն իր վրա վերցրեց Ռուսաստանը, այն էլ՝ ժամկետով։ Սա բավական թուլացնում է հայկական դիրքերը, որովհետև ժամանակի ընթացքում Ադրբեջանը փորձելու է ճնշումներ գործադրել ռուսական կողմի վրա, որ ռուսական ուժերի մնալու պայմաններում կարողանա որոշակի դիվանագիտական բաներ կորզել»,- նշեց Բոզոյանը։
Ընդհանուր առմամբ` քաղաքագետը կարծում է, որ հիմա շատ վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մասին, որովհետև հայկական կողմը չունի այն ուժը, որ կարողանա դիվանագիտական ճակատում իր ուզածը թելադրել։
«Մենք պետք է կարողանանք խուսափել կոնկրետ պայմանագրերից, բայց խաղաղության գործընթացը տանենք այնպես, որ դա չվտանգի մեր շահերը։ Ըստ էության` մենք միշտ պիտի բաց պատուհան թողնենք, որպեսզի հետագայում կարողանանք մանևրել և կարողանանք վերադառնալ մեր այն ուժի դիրքերին, որն ունեինք մինչև պատերազմը և, առավել ևս, մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը»,- ասաց քաղաքագետը։
ԱՄՆ-ին չի շփոթեցնի Արցախի հայաթափումը․ քաղաքագետը՝ Ռուսաստանին դուրս մղելու փորձերի մասին
Բոզոյանի կարծիքով՝ այս պահին Հայաստանն ունի ճիշտ դիվանագիտական մանևրում իրականացնելու հնարավորություն, իսկ շտապողականությունն այս հարցում իմաստ չունի, սա գործընթաց է, որը կարող է երկար տարիներ ձգվել։
Խաղաղության պայմանագիրը պետք է լինի այն ժամանակ, երբ առնվազն Հայաստանի ու Ադրբեջանի ուժերը հավասարակշռված լինեն։ Այդ դեպքում միայն պայմանագիրն արդար բնույթ կկրի։