ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Տրանսպորտային միջոցների գազաբալոնների վկայագրման համար հերթագրված վարորդները մինչև իրենց հերթագրման օրը հնարավորություն կստանան լիցքավորելու իրենց մեքենաները գազալցակայաններում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
Նման որոշում է կայացվել` հաշվի առնելով գազաբալոնների վկայագրման համար առաջացած մեծ հերթերը, ինչպես նաև տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու կարևորությունը և գազաբալոնների վկայագրման գործընթացի արդյունավետ ու պատշաճ կազմակերպումը։
Նշենք, որ օգոստոսի 1-ից նոր գործընթաց է սկսվելու` գազով շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցների գազաբալոնները պետք է վկայագրվեն, այլապես դրանք գազալցակայաններում չեն լիցքավորվի։
«Տրանսպորտային միջոցները գազալցակայաններում կարող են լիցքավորվել՝ ներկայացնելով լիցենզավորված ընկերություններում գազաբալոնների վկայագրման համար հերթագրումը հավաստող փաստաթուղթը։ Այն պետք է ներառի տրանսպորտային միջոցի համարանիշը, վկայագրման համար սահմանված օրը և հաստատված լինի լիցենզավորված կազմակերպության կնիքով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունից հորդորում են բոլոր այն տրանսպորտային միջոցների սեփականատերերին, որոնք դեռևս չեն իրականացրել տրանսպորտային միջոցներում տեղադրված գազաբալոնների վկայագրում, հերթագրվել ցանկացած լիցենզավորված կազմակերպությունում։