Էկոնոմիկայի նախարարությունը չգիտի՝ ինչի հաշվին է աճել Իրանի հետ ապրանքաշրջանառությունը

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում Իրանի հետ առևտուրն աճել է 33,7 տոկոսով, սակայն բեռնափոխադրումների ծավալը չի փոխվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik, Դավիթ Գալստյան․ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի տիրապետում տեղեկատվությանը, թե ինչի հետ է կապված Իրանի հետ ապրանքաշրջանառության աճը։ Այսպես են պատասխանել նախարարությունից Sputnik Արմենիայի հարցմանը:
Ավելի վաղ գրել էինք, որ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ $246 մլն։ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն 33,7%-ով աճել է։
Ըստ ՊԵԿ-ի` Sputnik Արմենիային տրամադրած տվյալների, սակայն, նույն ժամանակահատվածում հայ-իրանական սահմանով բեռնափոխադրումների ծավալը գրեթե չի փոխվել։
Sputnik Արմենիան հարցում է ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն` խնդրելով պարզաբանել, թե ինչ ապրանքատեսակների (կամ ինչի) հաշվին է նման աճ գրանցվել այն պայմաններում, երբ բեռնափոխադրումների ծավալը գրեթե չի փոխվել։
«Պահանջված տեղակատվությանը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը չի տիրապետում»,-նշված է հարցման պատասխանում։
Նախարարությունից նաև հայտնել են, որ «ՀՀ արտաքին առևտրի երկիր-ապրանք կտրվածքով վիճակագրական տվյալները հրապարկվում են Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում, սակայն 2022 թվականի տվյալները դեռևս չեն հրապարակվել»։
Մեր թղթակցի գրառումները կարող եք կարդալ նաև նրա հեղինակային Telegram ալիքում: