ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ամերիկյան Նյու Յորք նահանգի ղեկավար Քեթի Հոքուլը կապիկի ծաղիկի պատճառով հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նահանգի իշխանությունը կապիկի ծաղիկը «առողջապահության անմիջական սպառնալիք» է անվանել՝ կապված վիրուսով վարակվելու դեպքերի թվի աճի հետ:
«Նահանգում արտակարգ դրության ռեժիմ եմ հայտարարում, որպեսզի աջակցեմ կապիկի ծաղիկի բռնկման դեմ պայքարին։ Այս որոշումը մեզ թույլ է տալիս ավելի արագ արձագանքել, ու առողջապահության ոլորտի մասնագետներին հնարավորություն է տալիս լրացուցիչ քայլեր ձեռնարկելու, որոնք կօգնեն ավելի մեծ թվով նյույորքցիների պատվաստել»,- գրել է Հոքուլը Twitter-ում:
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) վերջին տվյալներով՝ երկրում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով վարակվելու 5189 դեպք, որոնցից 1345-ը՝ Նյու Յորքում:
Ավելի վաղ կապիկի ծաղիկի պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել Սան Ֆրանցիսկո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ):
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց միջև սերտ շփման հետևանքով։ Վարակվածների մեծ մասը սովորաբար ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ բարդություններ, այնուամենայնիվ, հնարավոր են:
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում։ Վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, որոնք ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղիկի ախտանշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, որոնք պատվաստվել են բնական ծաղիկի դեմ, որոշակի պաշտպանվածություն ունեն նաև կապիկի ծաղիկ հիվանդության դեմ:
Վարակը կարող է ավելի ծանր ընթանալ երեխաների և իմունայինհամակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով: