ԱՄՆ-ից Հայաստանին տրամադրվող այդքան մեծ օգնությունը խաղ է՝ Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց պոկելու համար։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ խոսելով ԱՄՆ-ից Հայաստանին տրամադրվելիք 120 մլն ԱՄՆ դոլարի օգնության մասին։
Հուլիսի 28-ին ՀՀ կառավարությունը հաստատել էր ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը, որը ենթադրում է, որ ԱՄՆ-ն ընդհանուր 120 մլն դոլարի օգնություն կտա Հայաստանին՝ ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում աջակցելու նպատակով։
«Հասկանալի է՝ ԱՄՆ-ին չի հետաքրքրում արմատական ժողովրդավարական գործընթացները։ Նման քայլերն արվում են քաղաքական ազդեցության պահպանման և որոշակի հեռահար քաղաքական խնդիրների լուծման համար»,- կարծում է Քեռյանը։
Քաղաքագետը Հայաստանի նման փոքր երկրին քաղաքական բարեփոխման նպատակով այդքան գումար հատկացնելը բավականին մեծ ծախս է համարում այն պայմաններում, երբ Միացյալ Նահանգները լուրջ տնտեսական խնդիրներ ունի, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն մեծ ծախսեր են անում Ուկրաինայի համար ու դեռ հսկայական միջոցներ պիտի տրամադրեն էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու նպատակով։
Այս պարագայում, Քեռյանի դիտարկմամբ, հարց է առաջանում՝ ինչո՞ւ ԱՄՆ-ն նման գումարներ չի հատկացնում այլ, օրինակ, հետխորհրդային մի շարք երկրների, որոնք ժողովրդավարության տեսանկյունից բավական հետ են Հայաստանից։
«Հետխորհրդային բազմաթիվ երկրներ կան, որոնք տոտալիտար ավտորիտար համակարգ ունեն, քաղաքական ընդդիմության ինստիտուտն ընդհանրապես բացակայում է, ընտրությունները կրում են ձևական բնույթ և այլն։ Օրինակ՝ Ադրբեջանում, Ղազախստանում, Բելառուսում, միջինասիական այլ հանրապետություններում և այլն։ Բայց այս ֆոնին այդ գումարը չեն տալիս այդ երկրներին, տալիս են Հայաստանին»,- նշում է Քեռյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանը միջանկյալ դիրքում է աշխարհում, այսինքն ոչ Մերձբալթիկա է, որն անցել է արևմտյան քաղաքական համակարգին, ինտեգրվել է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին, ոչ էլ այն երկիրն է, որն իր քաղաքական համակարգով Ադրբեջանի, Թուրքմենստանի նման երկրների մակարդակին է։
«Հայաստանը «մեջտեղի լարի վրա խաղացող» երկիր է, որը կարող է ընկնել և՛ այս կողմ, և՛ այն կողմ։ Բնականաբար ԱՄՆ-ն կարծում է, որ հենց այսպիսի միջանկյալ դիրքում գտնվող երկրներն են, որ շանսեր ունեն դառնալու արևմտամետ պետություններ»,- ասում է քաղաքագետը։
Քեռյանի կարծիքով՝ Արևմուտքն այստեղ ուզում է զարգացնել քաղհասարակության ինստիտուտները, ՀԿ-ները, զարկ տալ դրանց գործունեությանը, որովհետև ինչքան Հայաստանն իրենց չափանիշներով ժողովրդավար դառնա, այնքան ավելի կհեռանա Ռուսաստանից, իսկ սա կլուծի իրենց լուրջ խնդիրներն ու քաղաքական նպատակները Հարավային Կովկասում։
«Ես որտեղ տեսնում եմ դրամական աջակցություն, այդտեղ միանշանակ տեսնում եմ քաղաքական նպատակներ»,- հավելեց Քեռյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ և ԱՄՆ միջև համաձայնագիրը ստորագրվել էր 2022թ. հունիսի 29-ին։ Ըստ կառավարության կայքում հրապարակված նախագծի` 120 մլն–ից 68,5 մլն–ը նախատեսվում է հատկացնել ՀՀ–ում ժողովրդավարության խթանմանը, 51,5-ը` տնտեսական անվտանգության բարելավմանը։