ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօրվա մեջ 2-րդ ապատեղեկատվությունն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Ադրբեջանական կողմը հայտարարել է, իբր հուլիսի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Թադևոսյանը նշել է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Հիշեցնենք` այսօր ավելի վաղ ադրբեջանցիները հայտարարել էին, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում, հայկական կողմը հերքել էր լուրը։
Ավելին` ադրբեջանցիները վերջին շրջանում պարբերաբար են նման հայտարարություններ տարածում։ Եվ ամեն անգամ սցենարը նույնն է լինում. իրենք կրակում են, հետո հայտարարում, թե հայկական կողմն է սկսել։ Այդպիսի հաղորդագրություն էր տարածվել նաև հուլիսի 16-ին, իսկ դրանից առաջ` հուլիսի 13-ին և հուլիսի 9-ին։