Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը ուղղաթիռի վթարի պատճառով ժամանակավորապես փակ է

Արխիվային լուսանկար
Ներկայում այդ տարածքում փրկարարական միջոցառումներ են իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է Գուդաուրիում փրկարարական ուղղաթիռի կործանման պատճառով: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գուդաուրիում ՆԳՆ սահմանապահ ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որն ուղևորվել էր կիրճում ընկած պարապլաներիստներին որոնելու, բախվել է ժայռին և պայթել:
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 94–րդ կմ-ում ՆԳՆ ուղղաթիռի կործանման պատճառով ճանապարհի նշված հատվածում արգելված է երթևեկությունը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ մինչև փրկարարական միջոցառումների ավարտը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախնական վարկածի համաձայն՝ Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել: Ուղղաթիռում, բացի անձնակազմի անդամներից, եղել են փրկարարներ և բժիշկներ: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։