Շուտով կմեկնարկեն Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները

ՏԿԵ նախարարությունը պատասխանել է ԶԼՄ–ների հարցումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կսկսի 2022 թվականի օգոստոսին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը` պատասխանելով ԶԼՄ–ների հարցումներին։
Նշենք, որ սա լինելու է այլընտրանքային ճանապարհ Լաչինի միջանցք կոչվող հատվածի համար։
Հիշեցնենք` հունիսի 27–ին առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող Լաչինի միջանցք կոչվող հատվածում երթուղու փոփոխության վերաբերյալ կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել. փփոխությունը պետք է տեղի ունենա համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և 3 տարվա ընթացքում։
2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: