ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, թե բացարձակ սուտ են լուրերը, թե ընդդիմադիրները պատրաստվում են սեպտեմբերին ԱԺ գնալ։ Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ։
«Ասում են, թե իբր սեպտեմբերին խորհրդարան ենք վերադառնալու և իբր թե աշխատելու ենք այս իշխանության հետ։ Ընդ որում, դա անում են լկտիաբար ու աղավաղում են իմ խոսքերը։ Դա բացարձակ սուտ է և անբարո։ Եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա բացառապես իր օրակարգով է գնալու»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` ՔՊ-ական ուսապարկերն «իրենց ծոծրակները կտեսնեն», բայց ընդդիմադիրներին իշխանության կեղծ օրակարգով ԱԺ-ում չեն տեսնի։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Իշխան Սաղաթելյանը հարցազրույց է տվել, որը հրապարակվել է հետևյալ վերնագրով. «Ընդդիմությունը սեպտեմբերին կգնա խորհրդարան, բայց իր օրակարգով»։ Հարցազրույցը տարածվել է նաև ՀՅԴ պաշտոնական կայքում։ Ավելի ուշ հարցազրույցի վերնագիրը փոխել են։ Հուլիսի 23-ին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել` ողջունելով ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը։
Դրանից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորները սոցցանցերում գրառումներ են անում և նշում` ցավալի է, որ նման մակարդակում սուտ տեղեկություն է տարածվում, թե իբր իրենք սեպտեմբերին ԱԺ են գնալու։