ՌԱԴԻՈ

Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքը պետք է դառնա քննության առարկա. փորձագետ

Ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է օրենսդրական նախաձեռնությանը, որի հաստատման դեպքում ռազմական ոստիկանությունն իրավունք կունենա իրականացնել հեռախոսային խոսակցությունների վերահսկում:
Sputnik
Իրավապահ մարմիններն օժտված են հեռախոսային խոսակցությունները վերահսկելու գործառույթով, հետևաբար ինչո՞ւ պետք է ռազմական ոստիկանությունն օժտված չլինի նույն իրավասությամբ, առավել ևս, որ իրականացնում է իր քննությունը, կա ռազմական դատախազ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը։
Նշենք, որ ՀՀ ՊՆ]ն ներկայացրել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն նախատեսվում է, որ ռազմական ոստիկանությունն օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակում իրավունք ունի իրականացնելու հեռախոսային խոսակցությունների վերահսկում:

«Օրենսդրական կարգավորումն արդեն երկար ժամանակ գործում է։ Երբ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքն ընդունվեց, այն ունեցավ շատ մեծ ռեզոնանս։ Դրանով իրավապահ մարմիններին տրվեց հեռախոսային խոսակցությունները վերահսկելու իրավասություն։ Այդ տեսանկյունից ռազմական ոստիկանությունն ունի գրեթե բոլոր գործառույթները, ինչպեսև մյուս իրավապահ մարմինները` բացառությամբ հեռախոսային խոսակցությունները վերահսկելու գործառույթի»,- ասաց փորձագետը։

Ներսիսյանը հիշեցրեց, որ դատավարական պրակտիկայում հաճախ առաջանում է խնդիր` արդյոք այդ ճանապարհով ձեռք բերված ապացույցը կարելի՞ է համարել վստահելի, հետևաբար, հարցին պետք է նայել օրենքի ընդհանուր բացերի տեսանկյունից։
Փորձագետի դիտարկմամբ` բացի վերոգրյալից, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքն ամբողջությամբ պետք է վերանայվի, քանի որ նրանում կան այլ խնդրահարույց կետեր։ Ըստ նրա` օպերատիվ-հետախուզություն ունենալն անհրաժեշտություն է, պարզապես օրենքը պետք է նոր քննության առարկա դառնա։
Մի շարք պատգամավորների հեռախոսներ փորձել են գաղտնալսել. Գեղամ Մանուկյան
Նշենք, որ նախագծի հեղինակների պնդմամբ` «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում ժամկետային և պայմանագրային պարտադիր զինծառայողների կողմից նախապատրաստվող ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների (այդ թվում՝ հետախուզական) ձեռքբերման արդյունավետությունը բարձրացնելու հանգամանքով: