Յուլիան և դուստրերը
Համաշխարհային մեծ ճանաչման ու փառքի արժանացած ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անձնական կյանքն այնքան էլ հարթ չի ընթացել: Նրա առաջին կինը Յուլիա Գրևսն էր՝ անգլուհի, ռուսական ծառայության մեջ գտնվող շտաբս-բժիշկի դուստրը։ Այվազովսկին նրան հանդիպեց 1848 թվականի ձմռանը մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում, երբ Յուլիան ազնվական ընտանիքներից մեկում սովորական տնային դաստիարակչուհի էր: Շուտով նրանք ամուսնացան և բնակություն հաստատեցին Այվազովսկու հայրենի քաղաքում՝ ծովափնյա Թեոդոսիայում:
Այվազովսկու տարերքը ծովն էր, նրա ստեղծագործական գործունեությունն ամբողջովին կապված էր ծովի, ծովային տեսարանների հետ, և ծովից հեռու մեկ այլ վայրում ապրելը նա չէր էլ կարող պատկերացնել:
Այվազովսկին և Յուլիան իրենց համատեղ կյանքում չորս դուստր ունեցան՝ Ելենա, Մարիա, Ալեքսանդրա և Ժաննա: Թվում էր, թե նրանք ամուր, երջանիկ, երեխաներով շրջապատված ընտանիք են կազմել, սակայն դա բնավ էլ չէր համապատասխանում իրականությանը: Յուլիան մայրաքաղաքի աշխույժ կյանքից հետո այդպես էլ չկարողացավ համակերպվել Թեոդոսիայի նման գավառական փոքր քաղաքի միապաղաղ կյանքին։ Նա մշտապես ընդվզում էր և պահանջում ամուսնուց գնալ Թեոդոսիայից: Վերջապես, ամուսնությունից 12 տարի անց, Յուլիա Գրևսը բաժանվում է Այվազովսկուց այն պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ է դուստրերին բարձրակարգ կրթություն տալ, որի հնարավորությունը Թեոդոսիայում չկա, և նա երեխաների հետ տեղափոխվում է Օդեսա:
Այվազովսկին և Աննան
Հովհաննես Այվազովսկուն ընտանեկան իրական երջանկություն պարգևեց միայն երկրորդ ամուսնությունը: Նրա երկրորդ կինը դարձավ հայուհի Աննա Բուռնազյան-Սարկիսովան` Թեոդոսիայի հայկական համայնքի միջին խավի ներկայացուցիչ Մկրտիչ Բուռնազյանի դուստրը: Նկարիչն Աննային տեսավ նրա ամուսնու՝ թեոդոսիացի մեծահարուստ առևտրական Սարկիսովի հուղարկավորության ժամանակ։ Երիտասարդ այրու արևելյան վառ գեղեցկությունն անմիջապես գրավեց նկարչին՝ դա սեր էր առաջին հայացքից: Այվազովսկին որոշ ժամանակ անց ամուսնության առաջարկություն արեց Աննային, և 1882 թվականին նրանք ամուսնացան։ Հայկական ծիսակարգով նրանց պսակադրությունը կայացավ Թեոդոսիայի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցում:
Ծովանկարիչն այդ ժամանակ արդեն 65 տարեկան էր, իսկ Աննան` ընդամենը 25: Տարիքային ահռելի տարբերությունը խոչընդոտ չեղավ 18 տարվա նրանց երջանիկ ու համերաշխ կյանքին: Այվազովսկին պաշտում և փայփայում էր իր երիտասարդ կնոջը, այդ մեծ զգացմունքը ներշնչանքի նոր աղբյուր հանդիսացավ Այվազովսկու համար: Դրա արտահայտություններից մեկն է Թեոդոսիայի պատկերասրահում պահվող Այվազովսկու հայտնի նկարը՝ «Աննա Բուռնազյան-Սարկիսովայի դիմանկարը»։ Նկարիչն իր սիրելի Աննային պատկերել է նաև մեկ այլ գեղեցիկ ու գունեղ նկարի վրա՝ «Մրգերի բերքահավաքը Ղրիմում»:
Նամակներից մեկում Այվազովսկին կնոջն ուղղված այսպիսի խոսքեր ունի. «Հոգիս մշտապես պետք է առնչվի գեղեցկության հետ, որպեսզի հետո այդ ամենը կարողանամ վերարտադրել կտավներում: Ես սիրում եմ քեզ, և քո խորունկ աչքերում ինձ համար առկայծում է մի մեծ խորդհրդավոր աշխարհ, որն իրոք կախարդական ազդեցություն ունի ինձ վրա: Եվ եթե հանկարծ արվեստանոցի լռության մեջ ես չեմ կարողանում հիշել քո հայացքը, ապա նկարս խամրած է ստացվում»:
Վերջին տարիները
Այվազովսկին և Աննան միշտ անբաժան էին նաև ցուցահանդեսների կազմակերպման հետ կապված երկարատև շրջագայությունների ընթացքում՝ Ռուսաստանում, Եվրոպայում թե Ամերիկայում: Աննա ոչ միայն Այվազովսկու տան օջախի պահապանն էր, այլ նաև նրա առաջին օգնականն ու խորհրդատուն: Հայրական ընտանիքում Աննան հայեցի դաստիարակություն էր ստացել, և ամուսնությունից հետո իր ու Այվազովսկու միջև հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ զրույցները մշտական բնույթ էին կրում:
Ծովանկարիչը ասում էր. «Աննան ինձ ավելի մոտեցրեց իմ ժողովրդին»: Թեոդոսիայի նրանց առանձնատունը դառնում է նաև հայ մշակութային գործիչների յուրօրինակ կենտրոն: Այստեղ են հյուրընկալվում գրողներ, նկարիչներ, դերասաններ, երաժիշտներ, որոնք շատ դեպքերում Այվազովսկու կողմից զգալի ֆինանսական աջակցություն էին ստանում: Պատահական չէ նաև, որ հիմնականում իր կյանքի վերջին տարիներին է Այվազովսկին հայկական թեմաներով նկարներ ստեղծել: Նրանցից էին «Արարատ լեռան հովիտը», «Նոյն իջնում է Արարատից», «Հայ մարտիկի երդումը Ավարայրի ճակատամարտից առաջ», «Հայ ժողովրդի մկրտությունը», «Բայրոնի այցը Մխիթարյանների Սուրբ Ղազար կղզի», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում» և այլ կտավներ։
Այվազովսկին շատ ծանր տարավ 1895-96 թթ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայկական ջարդերը: Նա այդ սարսափելի կոտորածների թեմայով նկարների մի ամբողջ շարք ստեղծեց՝ դրանով իր ցասումն արտահայտելով ընդդեմ թուրք ջարդարարների։ Հայտնի պատմություն է նաև այն, թե ինչպես այդ դեպքերից ծայրաստիճան վրդովված Այվազովսկին հրաժարվեց թուրքական սուլթանի կողմից իրեն շնորհված օսմանյան բարձրագույն շքանշաններից՝ ցուցադրաբար դրանք նետելով ծովը:
«Ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ»
Մեծ ծովանկարիչը մահացավ 1900 թվականին և իր կտակի համաձայն հուղարկավորվեց Թեոդոսիայի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, որտեղ նա մկրտվել ու պսակադրվել էր: Երեք տարի անց նկարչի այրու՝ Աննա Բուռնազյանի ջանքերով Այվազովսկու գերեզմանին մարմարե շիրմաքար տեղադրվեց, որի վրա գրաբարով փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու հետևյալ խոսքերը. «Ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ»:
Աննան ամուսնու մահից հետո սկսեց ապրել մենակյացի, փակ կյանքով` փաստացի դադարեցնելով շփումն արտաքին աշխարհի հետ: Առաջին համաշխարհայինը, Հոկտեմբերյան հեղափոխությունը, քաղաքացիական պատերազմը, Ղրիմի օկուպացիան գերմանացիների կողմից՝ այդ ամենը նա վերապրեց` մնալով իր տանը, Թեոդոսիայում: Աննա Բուռնազյանը մահացավ 1944 թվականի հուլիսին, 88 տարեկան հասակում և թաղված է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում՝ իր ամուսնու, մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կողքին: