Լավրովը վիրավորական է համարում Մակրոնի ասածը

Սերգեյ Լավրով
Էմանուել Մակրոնն ասել է, որ Ռուսաստանն աջակցում է ոչ լեգիտիմ ռեժիմներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ասածը և նրա արտահայտությունները վիրավորական անվանել։ Լավրովը Մակրոնին խորհուրդ է տվել ավելի կոռեկտ արտահայտվել։ Նրա խոսքը մեջբերում է «Իզվեստիան»։
Ավելի վաղ Էմանուել Մակրոնը մտահոգություն էր հայտնել Աֆրիկայում Ռուսաստանի դիվանագիտական և ռազմական կապերի ընդլայնման կապակցությամբ ՝ հայտարարելով, որ ՌԴ-ն այցելում է Աֆրիկա և աջակցում բացարձակապես ձախողված ոչ լեգիտիմ ռեժիմներին և խունտաներին:
«Ինչ վերաբերում է նախագահ Մակրոնին և նրա հայտարարություններին, ապա ֆրանսիացիներից կարելի էր ավելի կոռեկտ արտահայտություններ ակնկալել։ Եթե նայենք այն երկրների ցանկը, ուր այցելել ենք մենք, ապա դա բավականին վիրավորական է այն պետությունների համար, որոնք շարունակում են հետևողականորեն զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ»,– ասել է Լավրովը։
Հուլիսի 26-ին Ուգանդայի նախագահ Յովերի Կագուտա Մուսևենիի հետ ասուլիսում Լավրովը հավաստիացրել է, որ աֆրիկյան մայրցամաքի դերը Ռուսաստանի արտաքին քաղաքական նոր ռազմավարության մեջ էապես կբարձրացվի:
Լավրովը Բլինկենի հետ կքննարկի պարենային գործարքի պայմանների կատարումը