Լավրովը և Բլինկենը քննարկել են Ուկրաինայի իրավիճակը. ՌԴ ԱԳՆ

Սերգեյ Լավրովն ու Էնթոնի Բլինկենը. Արխիվային լուսանկար
ՌԴ արտգործնախարարը ներկայացրել է ռուսական ապրանքների արտահանման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության մասին ստամբուլյան համաձայնագրերի մանրամասները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինկենի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Հեռախոսազրույցը կայացել է Վաշինգտոնի նախաձեռնությամբ։
Բորելը դժգոհում է` Լավրովն ավելի շատ է հայտնի արևմտյան մամուլում, քան ինքը
Նախարարությունում նշել են, որ Լավրովը «ներկայացրել է ռուսական սկզբունքային մոտեցումները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Ուկրաինայի տարածքում իրականացվող հատուկ ռազմական գործողության վերաբերյալ, ընդգծելով, որ դրա նպատակներն ու խնդիրները կկատարվեն»:
Սերգեյ Լավրովն ասել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը միայն ձգձգում է հակամարտությունը՝ երկարացնելով Կիևի ռեժիմի հոգեվարքը և բազմապատկելով զոհերը։
ՌԴ արտգործնախարարը ներկայացրել է ռուսական ապրանքների արտահանման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության մասին ստամբուլյան համաձայնագրերի մանրամասները, ընդգծելով, որ քաղաքական նպատակներով մթերքի թեման օգտագործելն անընդունելի է։
«Հանգամանորեն քննարկվել է պարենային գլոբալ անվտանգության ապահովման ոլորտում տիրող իրավիճակը։ Էնթոնի Բլինկենը տեղեկացվել է հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրված սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի տեղափոխման և պարենամթերքի ու պարարտանյութերի ռուսական արտահանումն առաջ մղելու «փաթեթային» պայմանավորվածության մանրամասների մասին», - նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Լավրովը հատուկ նշել է, որ իրավիճակը բարդանում է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, իսկ ռուսական պարենային մատակարարումների համար համապատասխան բացառություններ տրամադրելու ԱՄՆ խոստումները դեռ չեն իրագործվում: Նշվում է, որ «հավաքական Արևմուտքի» կողմից այդ խնդիրը սեփական աշխարհաքաղաքական շահերի համար օգտագործելն անընդունելի է։
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշված է, որ Լավրովն ու Բլինկենը կարծիքներ են փոխանակել կարգավորման սուր կարիք ունեցող երկկողմ հարաբերությունների խնդիրների շուրջ: