ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ուկրաինական զորքերը HIMARS ՀԿՌՀ-ներով հրթիռակոծել են Դոնեցկի Ելենովկա բնակավայրում գտնվող մեկուսարանը, որտեղ պահվում են գերի ընկած ազովցիները։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Այս գիշեր Կիևը նպատակաուղղված արյունալի սադրանք է իրականացրել։ Ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգից հրթիռային հարված է հասցվել Ելենովկա բնակավայրի շրջանում գտնվող քննչական մեկուսարանին, որտեղ պահվում են ուկրաինացի ռազմագերիները, այդ թվում՝ «Ազով» խմբավորման զինյալները»,- ասված է հաղորդագրությունում։
Հարվածի հետևանքով զոհվել է 40, վիրավորվել՝ 75 ուկրաինացի ռազմագերի, տուժել է մեկուսարանի 8 աշխատակից։
ՌԴ ՊՆ-ում պնդում են, որ մեկուսարանի ուղղությամբ հարվածի նպատակը մեկն է` վախեցնել ուկրաինացի զինվորականներին, որոնք ցանկանում են վայր դնել զենքը:
«Այժմ մեծ թվով ուկրաինացի զինծառայողներ կամավոր վայր են դնում զենքը՝ իմանալով ռազմագերիների նկատմամբ ռուսական կողմի մարդասիրական վերաբերմունքի մասին։ Այս աղաղակող սադրանքը կատարվել է ուկրաինացի զինծառայողներին ահաբեկելու և նրանց գերի հանձնվելը կանխելու նպատակով։ Սադրանքի հանգամանքները հետաքննվում են»,-հայտնել են ՌԴ ՊՆ-ում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 156-րդ օրը։