ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին և քննարկել մարզում առկա խնդիրները։
Մարզպետը կարևորել է հանդիպումն այն համատեքստում, որ կուտակվել էին հարցեր, որոնք մարզային իշխանությունը ցանկանում էր քննարկել ընկերության ղեկավար կազմի հետ։
«Արծարծվեցին Սյունիքի մարզում՝ «Վեոլիա»-ի սպասարկման տարածքում, խմելու ջրի մատակարարման, սպասարկման որակի, մաքրման կայանների ու ջրագծերի վիճակի, տեխնիկական վերազինման, առաջիկա ծրագրերի հետ կապված ու մի շարք այլ հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրենը շրջայց է կատարել մարզում և նշել, որ Սյունիքում սպառվող ջրի քանակի անբավարար լինելու, առաջացող խնդիրների հիմնական պատճառներից են խմելու ջուրը որպես ոռոգման ջուր օգտագործելն ու ապօրինի միացումները, որոնց բազում օրինակներ են հայտնաբերել։
Ռոբերտ Ղուկասյանն իր հերթին բարձրաձայնել է ոլորտում առկա մի շարք խնդիրների մասին և պատասխանատուներից հետաքրքրվել դրանց լուծմանն առնչվող ծրագրերի մասին։
Կողմերը պայմանավորվել են առավել արդյունավետ համագործակցել, խնդիրների լուծման ճանապարհին համատեղ ու համակարգված աշխատանք իրականացնել։