ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Երեք տարվա դադարից հետո Հայաստանի ասորիները կրկին սկսել են նշել իրենց մեծ տոները։ Արտաշատի մերձակայքում գտնվող Դիմիտրով գյուղում նման տոներից մեկը նշում են հուլիսի 27-ին, սրբեր` Կիրիկի և Իուլիտայի օրը, որոնց անուններով գյուղում եկեղեցի է կոչվել (Մար Կուրյակուս)։ Տոնախմբությունը սկսվում է երեկոյան և տևում մինչև հուլիսի 28-ի գիշերը։
Ասորիների համար կա պարզապես «տոն» (ոչ աշխատանքային օր` ըստ օրացույցի) և կա «շարա»։ Ասորերեն այդ բառը նույնպես «տոն» է նշանակում, բայց այդպես կոչում են մեծ եկեղեցական տոները, որոնք ոչ թե օրացույցային, այլ իրական ուրախություն են պարգևում։
Դրանք իհարկե Սուրբ ծնունդն ու Զատիկն են, բացի այդ` գյուղի սուրբ հովանավորի օրը։ Վերին Դվինում դա սուրբ Ֆոմայի օրն է` Արզնիում` Աստվածածնի ննջումը (օգոստոսի 28), իսկ Դիմիտրովում` սրբեր Կիրիկի և Իուլիտայի օրը։ Համաքրիստոնեական այս սրբերը (մայրն ու նրա փոքրիկ որդին) III դարում, երբ քրիստոնեությունը հռոմեացի կայսեր Դիոկղետիանոսի հրամանով խիստ հալածվում էր, նահատակվեցին հավատքի համար։
2020 թվականին տոնակատարություն չեղավ համավարակի պատճառով, 2021–ին` 44-օրյա պատերազմի ( հետո դժվար էր տոն կազմակերպել)։
«Մեզ համար այդ օրը ոչ թե ճոխ սեղանը կամ շքեղ ռեստորանն է կարևոր, այլ մեր միավորումից ստացած ուրախությունը», – ասում է Հայաստանի ասորական համայնքի «Հայադտա» ֆեդերացիայի ղեկավար Իրինա Սագրադովա–Գասպարյանը։
Այդ իսկ պատճառով տոնը ռեստորաններում չի նշվում. գյուղացիները միմյանց հյուր են գնում և հավաքվում եկեղեցու բակում։
Հարազատ գյուղ տոնի համար ժամանել են ասորիներ ոչ միայն Երևանից, այլև Մոսկվայից, Ռոստովից և Կրասնոդարից։
«Այժմ նրանց, ում տեսնում եք, կեսը հայեր են։ Միասին տխրում ենք, միասին` տոնում... Իսկ որ երգերի մեղեդիները նման են, նույնպես մի զարմացեք. դարերով միասին ենք ապրում», – ասում է Մոսկվայից տոնին ժամանած Վասիլի Սադոևը։
Այդ օրն ասորիները հայ բարեկամներինդուհրանա են հյուրասիրում. դա ասորիներ մատաղն է։ Մատաղի ժամանակ ասորիները կրկնում են. «Ալա քաբիլա դուհրանա» խոսքերը, ինչը նշանակում է «Ընդունելի լինի մատաղն Աստծուն» (այսինքն` գրեթե նույն խոսքերն են կրկնում, ինչ հայերը)։ Հայ հարևանների համար նրանք կարող են թարգմանել և՛ այս խոսքերը, և՛ խաղաղության և բարօրության մաղթանքները, բայց շատերը թարգմանության կարիք չեն զգում։
Կիրիկի և Իուլիտայի օրը Դիմիտրովում
© Sputnik / Aram Gareginyan
«Մանուկ հասակում կարգին ասորերեն էի խոսում։ Երբ փողոցում խաղում ես, իսկ ընկերներիդ կեսը ասորի են, այլ կերպ լինել չէր կարող։ Հայեր ունենք, որոնք ասորերեն են խոսում հայերենի պես։ Ինքս երկար ժամանակ Ռուսաստանում եմ ապրել, շատ բան մոռացել եմ, բայց գրեթե ամեն ինչ հասկանում եմ։ Հիմա բացերը պետք է լրացնեմ», – ժպտալով ասում է Դիմիտրովի գյուղապետ Ահարոն Հակոբյանը (վերջերս գյուղը Արտաշատ համայնքի մաս է կազմել)։
Որպեսզի ասորերենին ու ասորական մշակույթին ծանոթանան նաև այլ մարդիկ Հակոբյանը «Հայադտա» ֆեդերացիայի և տեղի բնակիչների հետ գյուղում իրականացվելիք մշակութային նախագծեր է քննարկում։ Ֆեդերացիան առաջարկում է գյուղին էթնիկ տեսք հաղորդել, ինչը կգրավի ասորական սփյուռքի ներկայացուցիչներին Ռուսաստանից, Գերմանիայից, Շվեդիայից, Ավստրալիայից, ԱՄՆ–ից (որտեղ տասնյակ հազարավոր ասորիներ են ապրում)։ Իհարկե, ասորական մշակույթի բնօրրանը Իրաքը, Սիրիան և Իրանն են (Ուրմիա լճի շուրջ գտնվող տարածքներ)։ Բայց ոչ բոլորը կարող են Նահանգներից Իրան գալ կամ Եվրոպայից` Սիրիա։ Իսկ Հայաստանը ևս ասորական մշակույթի կարևոր օջախ է` այստեղ նրանք ապրում են 1820-ականների վերջից։ Տեղափոխվել են Իրանից, ռուս–պարսկական պատերազմից հետո և հիմնել են չորս գյուղ (Դիմիտրով, Արզնի, Վերին Դվին և Նոր Արտագերս), որտեղ կարողացել են պահպանել իրենց ավանդույթների մեծ մասը։
Իսկ թե ինչպես ներկայացնել գյուղի մշակութային ժառանգությունը (փառատոներով, ճարտարապետական նոր լուծումներով կամ այլ կերպ) այսօր քննարկվում է, որ աշնանը հաջորդ տարվա ֆինանսավորման հայտ ներկայացվի։ Բայց «շարանն» իրական տոն կմնա և ոչ թե լոկ զվարճանք զբոսաշրջիկների համար։ Ուղեգրով այս տոնին ներկա գտնվել չես կարող, տոնական սեղանի շուրջ տեղ չես գտնի։ Իսկ այ, եթե գաս որպես մտերիմ, քեզ միշտ սիրով կընդունեն։