«Ինքնազգացողությունս լավ է». Մամիկոն Ասլանյանը կալանավայր է տեղափոխվել

Մամիկոն Ասլանյան
Մամիկոն Ասլանյանը հետազոտվել է, նրա սիրտը զոնդավորել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը տեղափոխվել է կալանավայր։ Տեղեկությունը հրապարակվել է «Մամիկոն Ասլանյան դաշինք» ֆեյսբուքյան էջում։
Հայտնել էինք, որ Ասլանյանը հուլիսի 27-ին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ և վիրահատության կարիք ունի։
«Վերջին ամիսների ընթացքում ինձ մոտ նկատվել են ճնշման պարբերական տատանումներ, որի պատճառով միշտ ինքնազգացողությունս վատացել է, բայց ՔԿՀ-ի աշխատակիցների արագ արձագանքման շնորհիվ վիճակս կարգավորվել է։ Վերջին օրերին կրկին եղել են կրիտիկական սրացումներ, ինչի պատճառով տեղափոխվել եմ քաղաքացիական հիվանդանոց»,– ասել է Ասլանյանը։
Նա հետազոտվել է, սիրտը զոնդավորվել է, ճնշումը` կարգավորվել, ինչից հետո վերադարձել է կալանավայր։ Ասլանյանը շնորհակալություն է հայտնում ՔԿԾ և ՔԿՀ ղեկավարությանը, բոլոր աշխատակիցներին, ինչպես նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժանձնակազմին։
Ասլանյանը նշել է նաև, որ այժմ ինքնազգացողությունը լավ է։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում առավելագույն ձայներ է ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12 814 ընտրող (45%): Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը։ Բայց դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։
Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբանները պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից բուժկենտրոն է տեղափոխվել այսօր։