ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանում պետական գնումների գործընթացին խանգարում է ապրանքների սերտիֆիկացման բացակայությունը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց տնտեսագետ Հայկ Բեջանյանը։
Մրցույթների հայտերը գնահատելիս հեշտ է ստուգել՝ ո՛ր ապրանքն է մյուսներից ավելի մատչելի, սակայն դժվար է հասկանալ գին-որակ հարաբերակցությունը։ Բեջանյանը պայմանական ու տարրական մի օրինակ բերեց` եթե գրիչ է գնվում, ինչպե՞ս ստուգել՝ քանի էջի համար այն կարող է բավականացնել։
«Զարգացած երկրներում այդ նպատակով ապրանքի սերտիֆիկացում գոյություն ունի, որը հաստատում է, որ տվյալ ապրանքը ստուգված է բոլոր անհրաժեշտ չափանիշներով։ Մեզ մոտ, ցավոք, նման սերտիֆիկացման գործընթաց դեռ չկա, ինչը դժվարացնում է ապրանքի ընտրությունն ու գնումների արտաքին վերահսկումը»,- ասաց տնտեսագետը։
«Գործք» հոլդինգի ղեկավար Արմեն Սարգսյանն իր հերթին նշեց, որ մեկ այլ հարց է` ինչպես ձևակերպել պահանջներն ապրանքի նկատմամբ։ Այժմ շատ դեպքերում պետական մարմինները կոնկրետ ընկերության համար մրցութային պահանջներ կազմելու հնարավորություն ունեն` չնշելով այդ ընկերության անունը (ինչը խախտում կլիներ)։ Օրինակ, եթե համակարգչի գնման մրցույթի պարամետրերում նշվում է iOS օպերացիոն համակարգը, ապա բոլորին հասկանալի է, որ խոսքը Apple համակարգիչների մասին է, նույնիսկ եթե ապրանքանիշը չի նշվել։
«Բազմիցս պետական մրցույթների բողոքարկման խորհուրդների անդամ եմ եղել և նման դեպքերում խնդրել եմ մեկից ավելի հավանական մատակարար նշել։ Եթե չեն նշել, եզրակացության մեջ գրել եմ, որ մրցութային նկարագրությունը կազմվում է որևէ մեկի օգտին»,- պարզաբանեց նա։
Եթե մրցույթների նկարագրությունները կազմվեն ու հրապարակվեն էլեկտրոնային տարբերակով, ապա նման չարաշահումներ ստուգել և նկատել կկարողանան ավելի շատ մարդիկ (այդ թվում` մրցակից ընկերություններից կամ փորձագետ-տնտեսագետներից)։
Բեջանյանը հավելեց, որ այլ հարց է, որ գործարարների միջև լուռ պայմանավորվածություն կա, թե ով, որ մրցույթում պետք է հաղթի, այդ իսկ պատճառով, նման հնարքների մասին իմանալով, ոչ ոք չի բողոքարկում։
Նշենք, որ պետգնումների համակարգի բարեփոխումն իրականացվում է ֆինանսների նախարարության կառավարման ներքո, որը քննարկում է կազմակերպում փորձագիտական հանրության մասնակցությամբ։ Նախագծի նպատակը մինչև 2023 թվականը պետական մրցույթների ողջ գործընթացը էլեկտրոնային հիմքի վրա դնելն է։