ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը Վրաստանի իր գործընկերոջը ցավակցական ուղերձ է հղել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գուդաուրիում ՆԳՆ սահմանապահ ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որն ուղևորվել էր կիրճում ընկած պարապլաներիստներին որոնելու, բախվել է ժայռին և պայթել: Ուղղաթիռի կործանման ժամանակ այնտեղ եղել է 8 անձ` անձնակազմի 4 անդամ, 2 փրկարար և 2 բժիշկ։
«Ցավով տեղեկացա, որ վթարվել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության` օգնության մեկնող փրկարարական ուղղաթիռը, որի հետևանքով անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ Իմ խորին ցավակցությունն ու վշտակցումն եմ հայտնում ՆԳՆ գործընկերոջս և զոհվածների ընտանիքներին»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Փամբուխչյանը։
Հիշեցնենք, որ զոհվել է նաև օտարերկրացի զբոսաշրջիկը, որը պարապլանով էր թռչում և որի անկումից հետո փրկարարական գործողություն էր իրականացվում։ Հուլիսի 30-ին Վրաստանում Սգո օր է հայտարարվել։
Բացի այդ, Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է Գուդաուրիում փրկարարական ուղղաթիռի կործանման պատճառով: