ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը հրդեհ է բռնկվել Մոսկվայի բյուջետային հյուրանոցներից մեկում. կան զոհեր և տուժածներ։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Ալմա-Աթայի փողոցի 7-րդ նրբանցքի 16-հարկանի բնակելի շենքի 2-րդ մասնաշենքի առաջին հարկում:
Հրդեհի հետևանքով զոհվել է ութ մարդ, ևս չորսը տուժել են։ Հրդեհը 150 քառակուսի մետր տարածք է ընդգրկել:
Ինչպես լրագրողներին հայտնել է ԱԻՆ մայրաքաղաքի գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Ռումյանցևը, այրված հյուրանոցում բազմիցս խախտումներ են հայտնաբերվել, նախազգուշացումներ են արվել:
«2019 թվականին նախավերջին անգամ վերահսկողական միջոցառում է անցկացվել։ 2019-2022 թթ.-ին այդ օբյեկտի վերաբերյալ բազմիցս դատաքննություններ են ընթացել։ Օբյեկտի վերջին ստուգումն իրականացվել է 2022 թվականի հունիսին, ինչից հետո, նույնպես վերահսկող մարմինների կողմից, կարգադրագիր և նախազգուշացում է գրվել»,-ասել է նա։
Ռումյանցևի խոսքով՝ հյուրանոցի բնակիչները զոհվել են, քանի որ ճաղավանդակներով պատուհանների պատճառով չեն կարողացել դուրս գալ։ Շենքում հրդեհային ազդանշան է եղել, սակայն չի միացել:
Դեպքի վայրում աշխատում են քննիչները։
Քրեական գործ է հարուցվել «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձանց մահ» հոդվածով: