ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ապրիլին անսպասելիորեն կանգ առած Armpower ջերմային էլեկտրակայանում ավարտվում են վերանորոգման աշխատանքները: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
ArmPower ՋԷԿ-ը (գտնվում է Երևանի ՋԷԿ-ի հարևանությամբ) կառուցվել է իտալական Renco ընկերության կողմից՝ գերմանական Siemens կոնցեռնի մասնակցությամբ։ Կայանը պաշտոնապես շահագործման է հանձնվել 2021 թվականի դեկտեմբերի 11-ին և անխափան աշխատել է մինչև ապրիլի 30-ը, երբ վթարային անջատում տեղի ունեցավ:
Ըստ 2022 սակագնային տարվա համար կանխատեսվող էներգահաշվեկշռի (2022-ի փետրվար-2023-ի հունվար)` Armpower-ը պետք է արտադրեր 1 մլրդ 669 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, (հանրապետությունում հոսանքի գեներացիայի մոտ 20%-ը), որից 461 մլն-ը պետք է արտահանվեր։
Վնասված սարքավորումները, որոնք հնարավոր չէր վերականգնել Հայաստանում, ուղարկել են Գերմանիա, որտեղ արտադրողն արդեն վերանորոգել է այն։
Վարդանյանը հայտարարեց` սպասվում է, որ կայանը կրկին կմիանա համակարգին օգոստոսի վերջին տասնօրյակում:
Նրա խոսքով՝ վթարի պատճառները դեռևս պարզված չեն, փորձագիտական հանձնաժողովն ուսումնասիրում է դրանք։
Փոխնախարարը հստակեցրեց` քանի որ պարապուրդը եղել է կայանի մեղքով, այն էլեկտրաէներգիայի սակագներից չեն փոխհատուցի:
Պարզաբանենք, որ Armpower-ն աշխատում է պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում, որով ստանում է երաշխավորված հասույթ (2022 թվականին այն սահմանվել է 126 մլն դոլարի մակարդակում)։ Ըստ այդմ, կայանը մշտական պատրաստության մեջ է պահում իր հզորությունները` անհրաժեշտության դեպքում էներգահամակարգին միանալու համար։
Փոխարենը կայանը վճար է ստանում ոչ միայն վաճառված էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր կիլովատ/ժամի դիմաց, այլև ֆիքսված ամսական վճար՝ իր հզորությունների յուրաքանչյուր մեգավատի համար (անկախ նրանից, թե որքանով են դրանք օգտագործվում): Դրա շնորհիվ ներդրողները կարող են չանհանգստանալ այն մասին, թե որքան էլեկտրաէներգիա է գնելու ԲԷՑ–ը։ Բայց այս ամենը մի պայմանով․ եթե կայանը գտնվում է մշտապես պատրաստ վիճակում։
Արտապլանային պարապուրդները համարվում են պայմանագրային հզորությունների խախտում և չեն փոխհատուցվում (հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի կանոնների համաձայն, 2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 51 որոշմամբ)։
Նշենք, որ ArmPower-ի բացակայող հզորություններին մասամբ փոխարինել է Հրազդանի ՋԷԿ-ը, որն այս տարի կարգավորիչը ցանկանում էր փակել (ավելի ճիշտ՝ նրա համար չեղարկել երաշխավորված վճարումները և ամբողջությամբ տեղափոխել շուկայական պայմանների, ինչը Հրազդանի ՋԷԿ-ի համար, նրա հին սարքավորումներով և գեներացիայի բարձր ինքնարժեքով, հավասարազոր էր փակման):
Սակայն արտակարգ իրավիճակի պատճառով Հրազդանի ՋԷԿ-ը կշարունակի աշխատել նաև ընթացիկ տարում։ Դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծել սակագների վրա, բայց այն փոխհատուցվել է այն բանի հաշվին, որ ներկայիս փոխարժեքի դեպքում դրամը դոլարով փոխելն ավելի ձեռնտու է (իսկ ռուսական գազը գնվում է դոլարով)։