ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Հնդկաստանի Չենայ քաղաքում մեկնարկած շախմատի Համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը պարտության մատնեց Մադագասկարի թիմին` 4:0, հայտնում է News.am-ը։
Չորս պարտիաներում հաղթանակ տարան Հրանտ Մելքումյանը (2634), Սամվել Տեր-Սահակյանը (2625), Մանուել Պետրոսյանը (2610) և Ռոբերտ Հովհաննիսյանը (2591)։
Արման Փաշիկյանի գլխավորությամբ տղամարդկանց թիմի առաջատարը Գաբրիել Սարգսյանն (2698) է։ Հայաստանի թիմը 2642 միջին վարկանիշով 12-րդն է։
Կանանց Հայաստանի հավաքականը առաջին տուրում մրցել է Բոթսվանայի թիմի հետ և առավելության հասել 4:0 հաշվով։
Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ Հայաստանի թիմում խաղացին Էլինա Դանիելյանը (2441), Աննա Սարգսյանը (2378), Մարիամ Մկրտչյանը (2285) և Սուսաննա Գաբոյանը (2270)։
Հավաքականում ընդգրկված է նաև Լիլիթ Մկրտչյանը (2362), որը երկրորդ համարն է։
Կանանց Հայաստանի թիմը 2367 միջին վարկանիշով 9-րդն է։
Հիշեցնենք, որ օլիմպիադայում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը։
Օլիմպիադան կավարտվի օգոստոսի 10-ին։
Հավելենք, որ Հայաստանը 3 անգամ հաղթել է շախմատային օլիմպիադաներում (2006, 2008, 2012 թթ.)։