ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Այսօր Երևանում կայացավ ՀՀ մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանի «Նոյե» գրքի շնորհանդեսը։ Ամիրյանն ասաց, որ գիրքը գրելու գաղափարը ծնվել է այս տարվա ապրիլի 24-ին։
Արմեն Ամիրյանի գրքի շնորհանդեսը
© Sputnik / Aram Nersesyan
«Իմ ձեռքի տակ հայտնվեցին նյութեր, որոնք իմ գործընկերների հետ պատրաստել էի դեռևս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այդ տարի ապրիլի 24-ից ընդամենը 2 օր առաջ մեզ հանձնարարվել էր պատրաստել 8-ժամյա հեռուստատեսային եթեր։ Այս տարի, երբ թերթում էի այդ նյութերը, հասկացա, որ դրանք իրավունք ունեն կյանք ունենալու»,- նշեց Ամիրյանը։
Գիրքը գրելու ընթացքում նա սկսել է վերհիշել պապի` Արշակ Ղորղանյանի պատմած պատմությունները ու հասկացել, որ ավելի շատ գեղարվեստական ստեղծագործություն է ծնվում, քան փաստավավերագրական։
Արմեն Ամիրյանի գրքի շնորհանդեսը
© Sputnik / Aram Nersesyan
Սկզբում գիրքը կոչվել է մեկ այլ հերոսի` Էլիզաբեթի անունով, բայց ընթացքում այնպես է ստացվել, որ Նոյեն եկել է առաջին պլան։
Արմեն Ամիրյանի «Նոյե» գիրքը
© Sputnik / Aram Nersesyan
Նոյեն Ցեղասպանությունից փրկված ընտանիքի ժառանգ է, գերմանահայ փաստաբան, որն ուզում է փրկել հայ երիտասարդ ցեղասպանագետին, որը Մյունխենում մասնակցում է ցեղասպանության թեմայով գիտաժողովի։
«Իրադարձությունները տեղի են ունենում Առաջին համաշխարհայինից մինչև մեր օրեր։ Կինոպատմության գլխավոր հերոսը ցեղասպանագետ Արմեն Արամյանն է։ Ուսումնասիրությունների շնորհիվ նրա ձեռքին են հայտնվում նոր փաստաթղթեր, նամակներ, որոնք էլ պատրաստվում է ներկայացնել միջազգային գիտաժողովում։ Արամյանը հայտնվում է թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման ուշադրության կենտրոնում»,- պատմեց Ամիրյանը։
Արմեն Ամիրյանի գրքի շնորհանդեսը
© Sputnik / Aram Nersesyan
Գրքում անդրադարձ կա Ցեղասպանության հուշարձանի կառուցման պատմությանը, 1988-ի ազգային զարթոնքին և այլն։ Մատնանշվում է, որ Թուրքիան պետականորեն շարունակում է աջակցել «Գորշ գայլեր» կազմակերպությանը։
Գրքի խմբագիր Կարինե Գևորգյանը, որը ևս ներկա էր շնորհանդեսին, նշեց, որ Ամիրյանի հետ համագործակցությունն առաջինը չէ։
«Մեր համագործակցությունը սկսվել է դեռ տարիներ առաջ Հանրային ռադիոյի մասին երկու գրքից, այնուհետև գրվեց «Գեներալի երազը» ստեղծագործությունը»,- ասաց խմբագիրը։
Նրա խոսքով` Ամիրյանի բոլոր գրքերը օրգանական կապ ունեն իրար հետ, բոլորի ուղերձը ապագային է ուղղված, զգոնության կոչ է։
Նշենք, որ «Նոյեն» Ամիրյանի երկրորդ գիրքն է։ Առաջինը «Գեներալի երազն» է։ 2020 թվականին նա ռեժիսոր Վահե Խաչատրյանի հետ փորձել է ԱՄՆ-ում պիես բեմադրել, բայց համավարակը խանգարել է։ Որոշել է պիեսը հրատարակել գրքի տեսքով և մի հետաքրքրիր նորարարություն անել։ Ներկայացման համար նկարահանված կտորները գրքում կարելի է տեսնել QR կոդերի միջոցով։ Այսինքն` գիրքը կարելի է և՛ կարդալ, և՛ դիտել նկարահանված հատվածները` փորձելով սեփական երևակայությունը համեմատել ռեժիսորի երևակայության հետ։