Գուդաուրիում 9 մարդ է զոհվել. Վրաստանի ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել

Ռազմավիրական ճանապարհ. Արխիվային լուսանկար
Ուղղաթիռի կործանման ժամանակ այնտեղ եղել է 8 մարդ`անձնակազմի 4 անդամ, 2 փրկարար և 2 բժիշկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Պարապլանի անկման և Գուդաուրիում ուղղաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել, հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին, տեղեկանում ենք Sputnik Վրաստանից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գուդաուրիում ՆԳՆ սահմանապահ ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որն ուղևորվել էր կիրճում ընկած պարապլաներիստներին որոնելու, բախվել է ժայռին և պայթել:
Ուղղաթիռի կործանման ժամանակ այնտեղ եղել է 8 անձ`անձնակազմի 4 անդամ, 2 փրկարար և 2 բժիշկ։
«Ցավոք, զոհվել են ուղղաթիռում գտնվողները, ինչպես նաև օտարերկրացի զբոսաշրջիկը, որը պարապլանով էր թռչում և որի անկումից հետո փրկարարական գործողություն էր իրականացվում»,-ասել է Գոմելաուրին:
Հաջողվել է փրկել երկրորդ պարապլաներիստին`տուժած վրացի հրահանգչին տեղափոխել են հիվանդանոց:
Հուլիսի 30-ին Վրաստանում Սգո օր է հայտարարվել։
Հիշեցնենք, որ Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է Գուդաուրիում փրկարարական ուղղաթիռի կործանման պատճառով: