ԱԹՍ-ների հարցը Ռուսաստանի հետ համագործակցության օրակարգում չկա. Թուրքիայի իշխանություններ

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավարը մեկնաբանել է ԱԹՍ-ների վերաբերյալ Մոսկվայի հետ համագործակցության հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Անօդաչու թռչող սարքերի արտադրության գծով Ռուսաստանի հետ համագործակցության թեման դեռ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության օրակարգում չէ։ Hürriyet-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

«Չեմ կարող ասել, որ դա հնարավոր է, քանի որ մեր օրակարգում այդ հարցն ընդգրկված չէ։ Գործընթացը ձևավորվում է Թուրքիայի Հանրապետության քաղաքականության շրջանակում։ Մենք աշխատում ենք հարցի տեխնիկական մասով»,- ասել է Դեմիրը։

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ իրենց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով` դնրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը Bayraktar անօդաչու թռչող սարքերի թուրքական արտադրողի հետ համագործակցելու ցանկություն է հայտնել։
Ուկրաինան թույլատրել է իր տարածքում թուրքական Bayraktar ԱԹՍ-ների արտադրությունը
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես օրակարգում է և, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Սոչիում կայանալիք նախագահների հանդիպմանը։