ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում այսօր ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը, տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օրվա ընթացքում Թաղավարդի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Տուժողներ չկան»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ միջադեպը կարգավորվել է` ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարմամբ ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ։
Հավելենք, որ այսօր սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, թե հայկական կողմը թշնամու կրակոցների հետևանքով զոհ ունի, սակայն Արցախի պաշտպանության բանակը հերքել էր լուրերը` ասելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: